Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. կյանքը ցույց տվեց, որ ճիշտ դպրոցի առկայության պայմաններում և ճիշտ կառուցվածքի դեպքում շատ սուղ միջոցներով հնարավոր է ստանալ լավ որակ

Փետրվար 27,2018 14:48

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում բացված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն»: Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել դրա հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ կենտրոնի բացմամբ քայլ առ քայլ սկսում է իրականացվել այն ծրագիրը, որի հիմնական նպատակն է նորարարական միտք և դրա համար անհրաժեշտ զինանոցի առկայություն ապահովել ՀՀ-ում:

«Դրա համար նախ շնորհակալություն մայր բուհին, որ այս ծրագրում շատ կարևոր դերակատարություն է ստանձնել և կարողանում է աստիճանաբար ոտքի կանգնեցնել ԵՊՀ-ի, բնականաբար նաև հանրապետության գիտությունը: Նշեմ, որ գիտության պատասխանատվություն ստանձնող բուհերը հաճույքով են մասնակցում այս մրցույթներին, որոնք շարունակական են. մյուս տարի ևս մի քանի ուղղությամբ կունենանք մրցույթի հրավերներ: Այս ծրագրի ամենակարևոր արդյունքն այն է, որ կարողանում ենք երիտասարդ գիտնականներին իրենց հետաքրքրությունների և մասնագիտական կարողությունների շրջանակում ապահովել համաշխարհային որակի աշխատատեղերով՝ համապատասխան տեխնիկական ապահովվածությամբ: Մենք իսկապես պարտավոր ենք ճանապարհ բացել այն շնորհալի երիտասարդների համար, ովքեր կարողանում են ժամանակակից գիտությանը համարժեք քայլել: Ժամանակին ասում էին, որ կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիաների ուղղությունները մեր երկրում կիրառելի չեն, քանի որ խիստ թանկ են և պահանջում են մեծ հնարավորություններ, սակայն կյանքը ցույց տվեց, որ ճիշտ դպրոցի առկայության պայմաններում և ճիշտ կառուցվածքի դեպքում շատ սուղ միջոցներով հնարավոր է ստանալ լավ որակ: Հետևաբար, կրկին շնորհակալություն բուհի գիտական հատվածին, որ կարողանում է իսկապես շատ ցածր ֆինանսավորման, միջազգային որևէ չափորոշչի տակ չընկնող պայմաններում պահպանել գիտական բուհի կարգավիճակը»,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում բուհի կողմից հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, գերժամանակակից նորագույն սարքավորումներով (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ և այլն), ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգով: Ներդրվել է 246,726,000 ՀՀ դրամ: Կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման և գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները: Կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ բարելավել կրթական, գիտահետազոտական և նորարարական գաղափարները մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել մանրէաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում: Մանրէաբանական մագիստրոսական ծրագրերի մշակման և ներդրման ընթացքում միջազգային հաջողված փորձի հաշվի առնման նպատակով իրականացվել են մի շարք այցեր եվրոպական և ամերիկյան հեղինակավոր բուհեր և կենտրոններ՝ ԱՄՆ Բերկլիի համալսարան, Միացյալ կենսաէներգիայի ինստիտուտ և Սանդիայի ազգային լաբորատորիաներ: Նաև այս փորձը հաշվի առնելով՝ մշակվել է միջազգային չափանիշներին համապատասխան, նորացված մագիստրոսական ծրագիր, որի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է հիմնվել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի կոնսորցիումի մասնակիցների միջև՝ Երևանի գարեջրի գործարան, Չանախ ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն: Բացի այդ, կենտրոնը թույլ կտա նաև ծավալել ձեռնարկատիրական գործունեություն, ինչին էապես կարող է նպաստել նաև կենտրոնի հավատարմագրման գործընթացը:

Հավելենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականներին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է 5.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներով դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհերի:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728