2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց Արտաշատի բնակիչ Ռաֆիկ Դավթյանը: Նա դատարանին հայտնեց, որ 2016թ. աշխատել է ուղեւորափոխադրող ընկերությունում որպես վարորդ, իսկ դեպքի օրը՝ հուլիսի 29-ին, ընկերության տնօրենը իրեն եւ մեկ այլ վարորդի հրահանգել է «Պազ» մակնիշի ավտոբուսներով X զորամասից ոստիկաններին տեղափոխել Էրեբունի համայնք՝ ՊՊԾ գնդի մոտակայք, որը, հիշեցնենք՝ գրավված էր «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից:
«Կրակոցներ եղան մեքենայի վրա՝ այն բանից հետո, երբ ոստիկանները իջան-գնացին: Գնդի կողմից էին կրակում: Ասի՝ Սամվե՜լ, փախանք…ոստիկանների մոտ պատսպարվեցինք, մինչեւ կրակոցները դադարեցին: Հետո կրակոցներից վնասված անվադողերը փոխեցինք ու լուսաբացին գնացինք տուն»,-պատմեց Ռաֆիկ Դավթյանը: Նրա գործընկեր Սամվել Քոչարյանը եւս նմանօրինակ ցուցմունք տվեց դատարանում:
Ռաֆիկ Դավթյանը նաեւ հայտնեց, որ դեպքի հաջորդ օրը քննիչների կողմից «Պազ»-ի զննության արդյունքում արձանագրվել է, որ մեքենային փամփուշտի վեց գնդակ է դիպել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ