«Թե իմ, թե Նիկոլ Փաշինյանի, թե Էդմոն Մարուքյանի, թե Սերժ Սարգսյանի միջեւ կոնսենսուս կա, որքան էլ դա զարմանալի լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Հետո հստակեցրեց. «Որովհետեւ մենք երեքս էլ համարում ենք, որ 3-րդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ: Այստեղ բացառիկ տեսակետների համընկնում է, ինչը շատ ողջունելի է»:
Լրագրողները հետաքրքրվել էին`«Ելք»-ում միասնական եւ հստակ տեսակետ կա՞ Սերժ Սարգսյանի`վարչապետ դառնալու հարցի վերաբերյալ:
«Դաշինքի համար Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետ պաշտոնավարումն անընդունելի է: Մենք հայտարարել ենք, որ հանրությունն իրավունք ունի նման պարագայում, եթե Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, նրա դեմ ըմբոստանալու: Հանրությունն իրավունք ունի հետեւություն անել, որ այս ճանապարհը, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ խոստացան, բայց իրեն խաբեցին, իրավունք ունի բողոքել»,- ասաց Արամ Սարգսյանը`հիշեցնելով, որ «Ելք»-ը հայտարարել էր`եթե հանրությունը «ռեալ պահանջարկ» դնի, իրենք իրենց պատվի խնդիրը կհամարեն այդ պահանջարկն իրականացնելը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել այն մասին, որ իր ընտանիքում քննարկել է եւ որոշում են կայացրել որ ինքը Ազատության հրապարակ գործուղվի: Երեկ էլ «Ազատություն» ռադիոկայանի եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դաշինքում այս թեմայի շուրջ քննարկումներ են ընթանում: Մամուլում էլ հրապարակումներ եղան, որ այդ քննարկումները բավական թեժ են եղել: Լուրեր կան, որ Սասուն Միքայելյանը ցանկացել է հարվածել Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, այսօր Սասուն Միքայելյանը չցանկացավ Aravot.am-ի հարցերին պատասխանել: Ասաց`զբաղված է:
Արամ Սարգսյանն ասաց`տակտիկական մեթոդները դեռ քննարկում են: Իրար վրա ձայն բարձրացնելու, միմյանց հարվածելու մասին խոսակցությունների մասին էլ ասաց` «Բամբասանքների դաշտից են, ակնհայտ սուտ են»:
«Հիմա քննարկումներ են ընթանում, դեռ որոշում չկա, մենք հանրությունից թաքուն բան չենք անում, և եթե որոշում ունենանք, կհայտնենք»,- ասաց նա`հրաժարվելով մանրամասներ ներկայացնել քննարկումներից: Միայն հավաստիացրեց. «Չի ընդունվի այնպիսի որոշում, որը ձեռնտու կլինի գործող իշխանությանը»:
Լրագրողի պնդմանը`Նիկոլ Փաշինյանը հստակ էր գրել, որ իր ընտանիքի հետ այդ հարցը քննարկել է, Արամ Սարգսյանը հակադարձեց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, քաղաքական ուժի անդամ է, վառ անհատականություն, ով հայտնի է եղել իր անհատական մոտեցումներով, ինքն իրավունք ունի իր ընտանիքի հետ քննարկել խնդիրներ, այդ մասին գրել: Եթե Նիկոլ Փաշինյանը դեմ լիներ քննարկմանը, ապա քննարկում չէր լինի դաշինքում: Ինքը քննարկել է իր ընտանիքում, նրանք դեմ չեն, որ իրենց հայրն, ամուսինն իր բողոքը ծավալի նաեւ Ազատության հրապարակում: Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մտահոգ հայ մարդու տեսակետ եմ տեսնում: Այդ մարդը մի անգամ այդ գործընթացներին գնալով, դատվելով, զրկանքներ կրելով, նորից պատրաստ է զրկանքներ կրելու: Ասում է՝ ժողովուրդ ջան, եթե դու պատրաստ ես, ես էլ եմ պատրաստ»:
Լրագրողը շարունակեց`«Ելք»-ը հայտարարել էր, որ հանրությանը հիասթափության ու պարտության չտանելու: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ մենք այսօր չենք քննարկում ճանապարհային քարտեզ, որ մենք առանց դրա Նիկոլ Փաշինյանին գործուղում ենք Ազատության հրապարակ»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ