Երբեմն թվում է՝ կանանց ոչնչացնելու այնքան մեթոդ կա, որ այդ դրանք անտեսանելի են դառնում մեզ համար: Բազմաթիվ կանայք կան, որոնց այդպես էլ չեք տեսնի, քանի որ նրանք երբեք չեն ծնվի, բրիտանական The Guardian պարբերականում գրում է Սյուզան Մուրը, որն այցելել է Հայաստան և ծանոթացել սեռի ընտրության խնդրին:
Շատերը տեղյակ են, որ սեռով պայմանավորված աբորտները տարածված են Հնդկաստանում ու Չինաստանում, բայց ես հիմա Հայաստանում եմ և խոսում եմ մոտ 30 տարեկան նյարդային մի կնոջ հետ: Մենք Գավառ քաղաքում ենք, որտեղ ծնված 120 տղային բաժին է ընկնում 100 աղջիկ, գրում է Մուրը:
Կինը երկու դուստր ունի, պատմում է՝ ինչպես է իր աղջիկն ասում՝ «գնանք եկեղեցի, մոմ վառենք, որպեսզի փոքրիկ եղբայր ունենանք»: Նրանք տղա են ուզում, նա տղա է ուզում, ամուսինն էլ է տղա ուզում: Դա է պատճառը, որ նա արդեն 9 կամ 10 անգամ արհեստական ճանապարհով ընդհատել է հղիությունը, ինքն էլ հաստատ չգիտի, իսկ որպես հղիության ընդհատման պատճառ նշվել է «անոթների վիճակը»:
Նա թեթև հոգոց է հանում, երբ մանրամասների մասին եմ հարցնում: «Եթե նորից հղիանամ, և աղջիկ լինի… »,- լռում է: Վստահ չէ՝ ինչ կանի: Լսել է, որ մայրաքաղաք Երևանում բժիշկներ կան, որ իրեն կարող են օգնել: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը Հայաստանում անօրինական է 2016թ-ից:
Կինն ասում է, որ եթե հաջորդ երեխայից էլ ազատվի, չի տխրի: «Ամուսինս կտխրի: Նա ինձ մեղադրում է բոլոր երեխաներին վերացնելու մեջ»: Ամուսինը, ինչպես Հայաստանում շատերը, տարվա կեսն աշխատում է Ռուսաստանում: «Բայց մի քանի տարի հետո աղջիկներս կգնան, ու ես մենակ կմնամ»,- ասում է նա:
Սա սեռով պայմանավորված աբորտների պատճառներից մեկն է. ապահովել ընտանիքի շարունակականությունը և վստահ լինել, որ տղաները տեր կկանգնեն իրենց օր ծերության: Մինչդեռ աղջիկները մեծանում են, ամուսնանում և գնում, միանում ամուսնու ընտանիքին: Տղաները ներդրում են, աղջիկները՝ կորուստ: Շարունակաբար սա եմ լսում: Դժվար է հաշտվել, որ այդ կարծիքին են նաև ժամանակակից կանանց՝ բժիշկներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ:: Կանանց վրա տղա ունենալու ամենամեծ ճնշումը գալիս է այլ կնոջից՝ սկեսուրից:
Եթե նախկինում հայկական ընտանիքում ունենում էին 7 կամ 8 երեխա, ապա հիմա միջինը՝ մեկը: Նախկինում, երբ վերջին երեխան աղջիկ էր ծնվում, երբեմն անունը դնում էին «Բավական»: Բժիշկներն այժմ կանանց խրախուսում են աղջիկ ունենալ, երբեմն էլ երեխայի սեռը չեն ասում մինչև 12 շաբաթական: Այնուամենայնիվ, սեռը իմանալու տարբերակներ կան. երբ բժիշկը գրիչը դնում է ձախ գրպանը՝ աղջիկ է, եթե աջ՝ տղա, գրում է Մուրը:
«Մենք տարեկան 1400 երեխա ենք կորցնում: Երկարաժամկետ կտրվածքով՝ ու՞մ հետ են ամուսնանալու մեր տղաները: Ինչպե՞ս ենք կոնսոլիդացնելու հայ ազգը: Մենք ընդամենը 3 միլիոն ենք: Մենք նման կորուստների իրավունք չունենք: Այլևս մայր չի մնա աղջիկների ծնունդ տալու համար»,- ասում է Սևանի բժշկական կենտրոնի ղեկավար Հրաչյա Խալաֆյանը:
Սեռերի անհավասարակշռություն
«Տղաներին գերապատվություն տալը» միգուցե յուֆեմիզմ է, բայց անհրաժեշտություն է: Սեռով պայմանավորված աբորտները զգալիորեն աճել են Կովկասում և Ասիայում (Հայաստանն այդ ցուցանիշով աշխարհում զիջում է միայն Չինաստանին և Ադրբեջանին), և այդ միտումը կշարունակվի, քանի դեռ ծնելիության մակարդակը նվազում է:
2010թ. Հայաստանում հավաքագրված տվյալները սկսել են լույս սփռել սեռերի անհավասարակշռության վրա: Ըստ այդ տվյալների՝ յուրաքանչյուր ծնվող 115-120 տղային բաժին է ընկնում 100 աղջիկ: Անգամ դպրոցներում, մարդիկ պատմում են, որ տղաները ստիպված են պարել տղաների հետ, քանի որ աղջիկները քիչ են:
2011 թ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը լուրջ քարոզչական աշխատանք է սկսել, իսկ 2017թ. մեկնարկել է համաշխարհային ծրագիր՝ կանխելու սեռով պայմանավորված աբորտները: Նախնական դիմադրությունից հետո Հայաստանի կառավարությունն աջակցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին: Եվ արդյունքներն այդ երկրում արդեն տեսանելի են: 2014 թ. այդ ցուցանիշը կազմել է 114 տղա 100 աղջկա դիմաց, իսկ անցյալ տարի՝ 110 տղայի դիմաց՝ 100 աղջիկ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և մարդասիրական կազմակերպությունների, ինչպես օրինակ Save the Children-ի ջանքերը արդյունք են տալիս, քանի որ նրանք ուշադրություն են դարձնում այն կոնկրետ պայմաններին, որոնք հանգեցնում են նախածննդյան սեռի ընտրության՝ հակաբեղմնավորիչ, արտագաղթ, տղամարդիկ՝ որպես հիմնական կերակրողներ, ժառանգականություն, ընտանեկան գիծ և հակամարտություն:
Հակամարտությունը հենց այն հարցերից մեկն է, որը հնչեցվեց Գավառի դպրոցի ուսուցիչների կողմից, որտեղ դասարաններում տղաների թիվը գերազանցում է աղջիկներին: Արաքսյա Վարդանյանն ասում է, որ պատերազմի ազդեցությունը կախված է իր ժողովրդի վրա: «Մեր զինվորները սպանվում են ամեն օր: Մեզ պետք են աղջիկներ՝ վերարտադրողականություն ապահովելու, և տղաներ՝ սահմանը պաշտպանելու համար», – ասում է նա: Այստեղ տղա երեխան մշտապես ևս մեկ զինվոր է, գրում է Մուրը:
Նախարարները բացատրում են՝ ինչ քաղաքականություն է տարվում աղջիկների թիվն ավելացնելու համար: Հակաբեղմնավորիչներն ու առողջությունը խրախուսվում են որպես առաջնահերթությունները: Բոլոր հիմնական մասնագետները վերապատրաստվում են՝ աղջիկների մասին դրական ուղերձ հաղորդելու համար: Եվ կինը մտափոխվելու համար ունի երեք օր ժամանակ, երբ մինչև 12 շաբաթական հղիության ընթացքում դիմել է աբորտի համար:
«Քո զենքը քո խոսքն է»
Ամենատպավորիչ աշխատանքն այս ուղղությամբ, որ տեսել եմ, հրաշալի հոգեբան Ինգա Հարությունյանի կողմից էր: Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սեմինար էր անցկացնում երիտասարդ և կրթված հոգևորականների համար, գրում է հոդվածագիրը:
Հարությունյանը, մասնավորապես, պատմում է հին հայկական մայրիշխանության և աստվածուհիների մասին: Բայց առանցքայինն այն է, թե ինչպես է նա խոսում հոգևորականների հետ: «Դուք հոգևորական եք,- ասում է նրանց,- ձեր զենքը ձեր խոսքն է»: Հետո նրանց տեքստեր է տալիս Աստվածաշնչից, որտեղ շեշտվում է կնոջ նկատմամբ հարգանքը:
Այս ուղղությամբ աշխատում է թե՛ եկեղեցին, թե՛ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը: Սա է Հայաստանի ռազմավարությունը՝ աշխատել բոլորի հետ. ոչ թե օտարել որևէ խմբի, այլ նպաստել մշակույթում կանանց և աղջիկների արժևորմանը: Եվ դա աշխատում է:
«Մենք աղջիկներին դեմ չենք, ինչպես որ Հնդկաստանում է»,- ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտող Վահան Ասատրյանը: Նրա կարծիքով՝ սեռի ընտրությունը տարբեր համատեքստերում տարբեր է լինում: Օրինակ, Նեպալում դրա պատճառներն ուրիշ են, Վիետնամում՝ ուրիշ:
Նա խոսում է ծնելիության ցուցանիշների մասին՝ որպես մեծ հարց: Բոլորը շեշտում են, որ սա աբորտին կողմ կամ դեմ լինելու հետ կապ չունի: Նա նշում է, որ աբորտը պարզապես մեխանիզմ է, որով կատարվում է սեռի ընտրությունը: Աբորտի իրավունքը քաղաքակրթության նվաճում է: Հայաստանում թույլատրվում է առանց սահմանափակումների ընդհատել հղիությունը մինչև 12 շաբաթական:
90-ականների կեսերին ուլտրաձայնային հետազոտության ներդրումը նպաստել է սեռի ընտրության աճին բոլոր նախկին խորհրդային հանրապետություններում:
Փոփոխության բանալին հայաստանյան հասարակության սրտում է, ինչն էլ կապահովի ազգի գոյատևումը:
Եթե այս միտումը պահպանվի, մինչև 2060թ. Հայաստանը կկորցնի 93 հազար կին: Դա պոտենցիալ մայրերի կորուստի սարսափելի մեծ ցուցանիշ է: Բոլորը խոսում են կանանց ընտրության հնարավորություն տալու մասին: Ուշագրավ է, որ «ոչ մեկ մեղավոր չէ այն ամենում, ինչ կատարվում է. բոլորը դրա լուծման մի մասն են», ասում է Ասատրյանը:
«Մենք չենք կարող գենդերային կարծրատիպերը փոխել երկու տարում, բայց մենք կարող ենք նայել տվյալներին: Մենք կարող ենք խոսել մարդու իրավունքների մասին»:
Ծաղկաձորում անցկացվող սեռերի հավասարությանը և սեռով պայմանավորված աբորտներին նվիրված կոնֆերանսին հանրային աշխատողները, ակտիվիստները և բժիշկները կիսվում են իրենց փորձով: Շատ տղամարդիկ իրենց երեխաների սեռի հարցում մեղադրում են կանանց՝ չհասկանալով, որ Y քրոմոսոմը, որը պատասխանատու է արական սեռի համար, փոխանցվում է տղամարդու գենոմից:
Ես սուրճ եմ խմում Մարգարիտի հետ, երիտասարդ կին, որն աշխատում է տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաների հետ: Նա հավատում է, որ բոլորն էլ ապրելու իրավունք ունեն:
Նա սիրում է երեխաներին: Կանանց, ում հետ նա աշխատում է, ասում է. «Երբ ուզում եք, որ ձեր ամուսինը թանկարժեք պայուսակ գնի ձեզ համար, գիտեք չէ՞ ինչպես համոզել նրան: Դա կարող եք անել նաև երեխայի հարցում: Խոսե՛ք նրա հետ, ասացեք, որ աղջիկ եք ուզում: Համոզե՛ք նրան: Ասացե՛ք, որ աղջիկն էլ ապրելու իրավունք ունի»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ