Բարձրագույն դատական խորհրդում առաջին կազմի 5 անդամների երկրորդ պաշտոնում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջարկել են Գեւորգ Դանիելյանի թեկնածությունը՝ 5 տարի ժամկետով: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նրան ասաց. «Դուք, որպես արդարադատության նախարար, ռեկորդակիր եք, ձեր օրոք եղել են աննախադեպ քանակությամբ քաղբանտարկյալներ»:
Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Դուք շատ միանշանակ գնահատեցիք»: Նա ասաց, որ անգամ Փաշինյանի առնչությամբ, երբ որեւէ ահազանգ է եղել, արգելք չի ստեղծվել, իր հեռախոսահամարը միշտ հասանելի է եղել, գիշերվա ժամը 3-4-ին Փաշինյանի ընկերները ահազանգել են, ինքը պատասխանել է: Նա ասաց, որ չի բավարարվել զուտ ցուցումներ տալով, փորձել է հասկանալ իրավիճակը:
Փաշինյանը հարցրեց՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ երբեւէ եղե՞լ են, թե՞ չեն եղել, ձեր թեկնածությունն առաջադրել է նաեւ ՀՅԴ-ն, ՀՅԴ անդամները 90-ականներին եղել են բանտերում, ԱԺՄ-ի ներկայացուցիչները եղել են բանտերում, նրանք քաղբանտարկյալնե՞ր են եղել, թե՞ եղել են քրեական հանցագործներ, որոնց դատել են՝ իրենց կատարած քրեական հանցանքների համար: Գեւորգ Դանիելյանը տարակուսեց, որ քաղաքական հարցեր են հնչում, ոչ թե իրավական: Նա ասաց, որ քաղբանտարկյալների, խղճի բանտարկյալների հետ կապված իրենց պատկերացումները այլ են. «Ցավոք, դուք ընկալում եք հետեւյալը՝ եթե որեւէ մարդ ունեցել է քաղաքական գործունեություն եւ դատապարտվել է որեւէ արարքի համար, միանշանակ իր արարքը պետք է որակել քաղաքական հետապնդում: Դրանք տարբեր երեւույթներ են, անձը կարող է քրեական հանցագործության համար դատապարտվել, համարվել քաղբանտարկյալ»:
Ինչ վերաբերում է Ռուստամյանին, նա ծիծաղեց, հապաղեց պատասխան տալ, հետո պատասխանի ժամանակը լրացավ, այդպես էլ չասաց՝ Ռուստամյանին գոնե քաղբանտարկյալ համարո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ Ռուստամյանը ԱԺ դահլիճում էր:
Ավելի ուշ «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը նույն հարցն ուղղեց Գեւորգ Դանիելյանին՝ Արմեն Ռուստամյանը եղե՞լ է քաղբանտարկյալ, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Ցանկացած անձի վերաբերյալ սպառիչ գնահատական տալու համար դրա պատասխանը կլինի դիլետանտություն, եթե ինչ-ինչ նյութերի համար փորձում եք գնահատական տալ…Ասել, որ այս անձի նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական կամ ոչ այնքան քաղաքական, այսպիսի գնահատականները չեն կարող բնորոշ լինել ինձ՝ տվյալ դեպքում իրավաբանի»:
Արարատ Միրզոյանը հարցրեց՝ Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընտրվելուց հետո՞ էլ եք շարունակելու այսպիսի գեղեցիկ եւ ոչինչ չասող պատասխաններ տալ:
Գեւորգ Դանիելյանը պատասխանեց, որ ինքը չի տա գնահատականներ, որի իրավասությունը չունի եւ պատգամավորները պետք է քննադատեն այն պաշտոնյային, որն առաջ է ընկնում դեպքերից եւ գնահատականներ է տալիս:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ