Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարագի շուկայում վերահսկողությունը բավարար չէ. «Հայոց Աշխարհ»

Փետրվար 27,2018 12:28

Օրերս սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում կեղծ քաղցրասերուցքային կարագ է հայտնաբերել, որը վաճառվել է որպես ռուսական «Ինտեր պրուդ» ընկերության «Կրեստյանսկայա» ապրանքանիշի արտադրանք:

ՍԱՊԾ-ի տվյալներով՝ հայաստանյան խանութներում այդ ապրանքանիշի 1,03 կգ փաթեթավորմամբ կարագ է իրացվել, մինչդեռ ընկերությունը «Կրեստյանսկայա» անվամբ միայն 200 գրամանոց քաղցրասերուցքային կարագ է շուկա արտահանում: Ըստ այդմ, պարզ էր դարձել, որ իրականում կարագն անհայտ ծագում ունի, եւ ՍԱՊԾ-ն հորդորել էր իրացման ցանցերին զերծ մնալ դրա վաճառքից: Իսկ թե ինչ կարագ է վաճառվել հայտնի ապրանքանիշի անվամբ, որքանո՞վ է այն անվտանգ հանրային առողջապահական տեսանկյունից, այդ մասին որեւէ հայտարարություն չի արվել: Առավել եւս, որ կասկածելի ծագմամբ կարագը մասամբ բորբոսնած է եղել:

Սննդի փորձագետ ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆՆ անընդունելի է համարում սպառողների նկատմամբ նման անպատասխանատու վերաբերմունքը՝ ասելով, որ միայն կեղծ ապրանք հայտնաբերելով եւ տնտեսավարողներին ուղղված հորդորներ անելով՝ հնարավոր չէ շուկան մաքրել կեղծ, անորակ ու վտանգավոր մթերքից, քանի որ մեղմ վերաբերմունքը հերթական կեղծիքի ու անօրինականության պատճառ է դառնում:
Նրա կարծիքով՝ այս ոլորտը մեզանում խնդրահարույց է առաջին հերթին ազդեցիկ եւ արդյունավետ օրենքի բացակայության պատճառով. «Շուկայում կեղծ կարագի առկայությունը նոր խնդիր չէ: Ոչ միայն կարագում, այլեւ ընդհանրապես կենդանական ծագման մթերքներում բուսայուղի առկայության հետ կապված բազմաթիվ հրապարակումներ են եղել վերջին տարիներին, այդ թվում՝ անցյալ տարի:
Դրան անդրադարձել են ոչ միայն հասարակական կազմակերպությունները, հետաքննող լրատվամիջոցները, այլեւ հենց պետական կառույցներն են ահազանգել շուկայում տեղ գտած խախտումների մասին: Մասնավորապես Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անցած տարի խախտումներ էր հայտնաբերել խտացրած կաթի, կարագի շուկայում, բացահայտել դեպքեր, երբ բուսայուղը որպես կենդանական ծագման մթերք է վաճառվել:

Առավել խոսուն է անցած տարվա աղմկահարույց դեպքը, երբ պաշտպանության բանակին կարագի փոխարեն բուսայուղ էր վաճառվել, եւ փորձաքննություն իրականացնող լաբորատորիան նույնպես մասնակից էր եղել այդ մեքենայություններին՝ կեղծ հավաստագրեր տրամադրելով:

Սա նշանակում է, որ մենք ունենք լուրջ խնդիր, բայց դրա մասին միայն խոսելն ու կեղծողներին, օրինախախտներին հայտնաբերելը, նրանց նախազգուշացնելը քիչ է ոլորտը կարգավորելու, սպառողների անվտանգությունն ապահովելու համար: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք շատ ավելի խիստ հսկողություն սահմանելու համար»:
Առաջավոր եվրոպական երկրները վաղուց են համապատասխան օրենքներով ու մեխանիզմների ներդրմամբ իրենց շուկան զերծ պահում սննդամթերքի կեղծումներից։ Կեղծումները բացի տնտեսական վնասից, նաեւ հանրային առողջապահական առումով լուրջ սպառնալիք են: Մասնագետը զուտ տնտեսական բնույթի կեղծումներն այնքան վտանգավոր չի համարում, որքան մթերքի բաղադրության, որակի կեղծումները, ինչը սպառողների առողջության համար կարող է վտանգավոր լինել՝ նպաստելով հանրային առողջապահական խնդիրների առաջացմանը:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մասնավորապես կեղծ կարագը մարդու առողջության վրա, ինչո՞ւ է այդչափ կարեւոր սննդամթերքի արտադրության ոլորտում կեղծումները կանխելը:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728