ԱԺ-ում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հարցը: Առաջին պաշտոնում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջարկում են Գագիկ Հարությունյանի թեկնածությունը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Գագիկ Հարությունյանին այսպիսի հարց ուղղեց. «1995-ից սկսած՝ մեր երկրում ավանդաբար կեղծվել են ընտրությունները, տեղի են ունեցել զանգվածային խախտումներ՝ սկսած քվեատուփ փախցնելուց՝ մինչեւ վերջին տարիներին ավելի ցիվիլ ձեւերով՝ ընտրակաշառքով եւ ուղղորդմամբ: Ընտրությունների մեխանիզմի չկայացման, ժողովրդավարական ավանդույթների ձախողման, ՀՀ-ի հնարավոր պոտենցիալ զարգացման չարձանագրման մեջ դուք ձեզ, որպես ՍԴ նախագահ, մեղավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»:
Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, չեմ համարում, բնականաբար»: Նա ասաց, որ Միրզոյանի եւ իր, դատարանի տեսակետները այս հարցում չեն համընկնում, քանի որ Միրզոյանը գնահատում է զգայական, միայն իր ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա, իսկ իրենք գնահատում են այն նյութերի հիման վրա, որոնք ներկայացվում են իրենց:
Գագիկ Հարությունյանը օրինակներ բերեց. «Վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ մեզ դիմում են՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Այդ քաղաքական ուժը ընտրատեղամասերում ունի շուրջ 2000 կամ ավելի իրավասուբյեկտ, որոնք կոնկրետ դերակատարություն ունեն ընտրատեղամասերում: Նրանք պետք է արձանագրություններ կազմեն, ստորագրեն, ծանոթանան, դիմեն դատարան, փաստական հիմքեր կազմեն եւ փաստական հիմքերով դիմեն ՍԴ: Ուսումնասիրում ենք արդյունքները՝ 1800-ից ավելի տեղամասերում այդ քաղաքական ուժի բոլոր իրավասուբյեկտները ընտրատեղամասերում ստորագրել են արձանագրությունները՝ առանց հատուկ կարծիքի, առանց վերապահման: Քաղաքական ուժը մեզ ասում է՝ դուք ընտրության արդյունքները ճանաչեք անվավեր, ինչի՞ հիման վրա: Կամ մեզ ներկայացված նյութը պետք է լինի ապացուցողական նշանակության նյութ: Հավաքում է քաղաքական ուժը դիտորդներից, լրագրողներից տեսակետներ, որ այսինչն ասեց այնտեղ այսինչ բան է եղել: Դա դառնում է արդեն հասարակական կարծիքի ձեւավորման առարկա: Մեզ դիմում են, ասում են՝ գնացեք ստուգեք, պարզեք եղել է, հետո նոր գնահատական տվեք: Սա դատական պրոցես է: Այդ հիմքերը ստեղծվում են վարչական դատարաններում, պետք է դիմեն վարչական դատարան, ապացուցեն, որ այդ հիմքերն առկա են, իսկ մեզ դիմում են վերջնական որոշման կայացման հետ կապված վեճում: Մնացած բոլոր փուլերը ՍԴ-ում քննարկելը դառնում է անհնարին»:
Արարատ Միրզոյանը հիշեց «Ալիսան հրաշքների եւ հայելիների աշխարհումը», այնտեղ էլ դատավորները հենվում էին այն փաստերի վրա, որոնք ուզում էին տեսնել եւ բոլորովին չէին հենվում այն փաստերի վրա, որոնք չէին ուզում տեսնել:
Ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանն ասաց. «Մեզ մոտ իրականությունը տարբերվում է հայելիների աշխարհից, մենք տեսնում ենք այն, ինչ ներկայացնում են, իսկ ներկայացնողները եթե տեսնեն այն, ինչ իրենց պահանջի հիմքում կարող է դրվել, վիճակը բոլորովին այլ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ