«Ժառանգության» ղեկավարը փոխվել է: Կուսակցության վարչության նախագահ է ընտրվել փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ փաստորեն փոխարինելով այս կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ավելի շուտ կարելի է ասել, որ փաստաթղթորեն ձեւակերպվել է վերջին շրջանում այս կուսակցության ղեկավարման իրական վիճակը: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հենց Արմեն Մարտիրոսյանն էր ավելի հաճախ հանդես գալիս կուսակցության անունից, ներկայացնում «Ժառանգության» դիրքորոշումն այս կամ այն հարցում: Այժմ արդեն, լիովին ժառանգելով «Ժառանգությունը», Արմեն Մարտիրոսյանը կարող է հանդես գալ որպես կուսակցության ղեկավար:
Այս փոփոխությունը որոշակի առումով սպասելի պետք է համարել նաեւ այն տեսանկյունից, որ վերջին շրջանում կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ արտասահմանում է լինում, քան հայրենիքում: Ճիշտ է, Արմեն Մարտիրոսյանն ասում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում շատ քիչ է լինում, հիմնականում սուրբծննդյան ժամանակաշրջանում: Իսկ մնացյալ ժամանակ կամ ԵԺԿ գործերով լինում է Եվրոպայում, կամ էլ, ըստ Ա.Մարտիրոսյանի, այլ միջազգային ատյաններում հայրենանպաստ գործունեությամբ է զբաղվում:
Շատ ընդհանրական ձեւակերպումներ են, հարկ է նկատել: Իսկապես քաղաքական գործչին հատուկ՝ մշուշ: Բայց դա մի կողմ:
Թե ի՞նչ է ներկայացնում ներկայիս «Ժառանգությունը» ի վերջո, դժվար է ասել: Մոտ տաս տարի առաջ կուսակցությունը խորհրդարան եկավ բավական նկատելի կազմով, հասարակության կողմից դրական ընկալվող մի շարք անհատականություններով ներկայացված՝ Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Ստյոպա Սաֆարյան:
Հետագայում նշված գործիչները այս կամ այն կերպ դուրս մղվեցին «Ժառանգությունից», ի լրումն՝ կուսակցությունից մի բեկոր էլ հեռացավ դեպի ՀԱԿ, հանրագումարում առաջին պլան եկավ Զարուհի Փոստանջյանը: Բայց, ի վերջո, նա էլ հեռացավ «Ժառանգությունից»: Կուսակցությունը դաշինք կազմեց Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ եւ դղրդյունով տապալվեց վերջին խորհրդարանական ընտրություններում:
Ի վերջո, հին «Ժառանգությունից» հիմա քիչ բան է մնացել: Արմեն Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ մնացել են նվիրյալները, ովքեր երբեւէ չեն եկել պաշտոնի հետեւից, այլ եկել են գաղափարի եւ սկզբունքի հետեւից: Գեղեցիկ է հնչում, բայց ի՞նչ է ներկայացնում այսօր մի կուսակցություն, որի ղեկավարը վերջին նախագահական ընտրություններում ավելի քան կես միլիոն ձայն էր ստացել (երբեւէ որեւէ ընդդիմադիր թեկնածուի ստացած ամենաշատ քվեները): Ճիշտ է, կուսակցությունն իր առաջնորդի գլխավորությամբ կարողացավ անել թերեւս անհնարինը. ամենակարճ ժամանակահատվածում կտրուկ փոշիացրեց այդ հսկայական քաղաքական կապիտալը, ի վերջո, աստիճանաբար ավելի ու ավելի մղվելով դեպի լուսանցք:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում