2017 թվականի ընթացքում հայաստանյան առեւտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը զգալի աճ է գրանցել: Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի վերջի դրությամբ հանրապետության 17 առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 373.6 մլրդ դրամ՝ 2016թ. դեկտեմբերի 2 տրլն 44 մլրդ դրամի դիմաց:
Այսինքն, 1 տարվա կտրվածքով վարկերի ծավալն աճել է 329.4 մլրդ դրամով կամ 16.1%-ով։ Ընդ որում, դրամային վարկերն ավելի արագ են աճել, քան արտարժույթով տրամադրված վարկերը։ Այսպես՝ դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 192.5 մլրդ դրամով կամ 27.4%-ով, իսկ արտարժույթով տրամադրված վարկերինը՝ 136 մլրդ դրամով կամ 10.2%-ով։
Չնայած դրամային վարկերի առաջանցիկ աճին՝ վարկերի դոլարայնացման մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի 37.8%-ն է (896.5 մլրդ դրամ) ՀՀ դրամով, մնացած 62.2%-ը (1 տրլն 477.1 մլրդ դրամ) արտարժույթով է։ Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերին արտարժութային վարկերի կշիռն ավելի մեծ էր՝ 65.6%։
Իսկ ո՞ր ոլորտների վարկավորումն է ակտիվացել։ Տնտեսության 9 ոլորտներից երկուսի գծով՝ գյուղատնտեսության և տրանսպորտի ու կապի, վարկային պորտֆելների ծավալները նվազել են։ Մասնավորապես, տրանսպորտի և կապի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը նվազել է 7.5%-ով կամ 5.6 մլրդ դրամով։ Իսկ գյուղատնտեսությանը տրամադրված վարկերը նվազել են 4.8 մլրդ դրամով կամ 3.6%-ով։
Մնացած .ոլորտներում տրամադրված վարկերի ծավալն աճել է։ Բացարձակ մեծությամբ՝ ամենից շատ աճել է առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը՝ 83.8 մլրդ դրամով (24.9%-ով)։ Սպառողական վարկերի պորտֆելն աճել է 77.1 մլրդ դրամով (17.8%- ով), այլ վարկերինը՝ 78.4 մլրդ դրամով (46.8%-ով)։ Զգալի չափով աճել է նաև շինարարության ոլորտին տրամադրված վարկերի ծավալը՝ շուրջ 41 մլրդ դրամով կամ 39.8%-ով:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում