Մի կողմ թողնելով «Դեպի Եվրատեսիլ»-ի ամենավառ մասնակիցներից մեկի՝ Կամիլի մասնագիտական որակները, անդրադառնանք զուտ շոուի տարրին։ Կամիլ շոուն, իրականում, ոչ մի նոր բան չարեց։
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն արդարացիորեն նկատել է, որ Կամիլն իր կերպարով ծաղրում է այն ամենը, ինչի մասին շատերը վախենում են խոսել առանց «դիմակի»։ Սա Commedia dell՚arte-ի վառ օրինակ է։ 16-րդ դարում նորմալ ընդունել են այս ուղղությունը, իսկ մենք 21-րդ դարում չենք «մարսում»։
Եվ, իսկապես, շատերը չընկալեցին Կամիլին՝ նշելով, թե հայերին հարիր չէ նման կերպարով Եվրոպային ներկայանալը, թե Կամիլը խայտառակում է մեզ եւ հարցնելով՝ ինչպե՞ս կարող է տղամարդը (Կամիլի դերում հանդես է գալիս երգիչ Արսեն Գրիգորյանը) իրեն այդպես պահել։ Այսինքն՝ այն, որ դա հորինված կերպար է, ոմանք այդպես էլ չցանկացան ընդունել։
Բայց այդ նույն մարդիկ կարող են գնալ, օրինակ, Նարեկ Դուրյանի ներկայացումներին, տեսնել նրան կնոջ կերպարում եւ ծափահարել, կարող են լսել Վերկա Սերդյուչկայի երգերը, կարող են դիտել Новые Русские Бабки հումորային դուետի (Իգոր Կասիլով եւ Սերգեյ Չվանով) ելույթներն ու զվարճանալ։
Իսկ երբ հերթը հասնում է Կամիլին կամ Կամիլի միջոցով Եվրոպային ներկայանալուն, չգիտես ինչու, նրանք հղում են անում ավանդական կերպարին, նամուսին եւ թասիբին։ Ամեն դեպքում, հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Կամիլը հայտնվեց երկրորդ հորիզոնականում։ Այնպես որ, ամեն ինչ չէ, որ կորած է։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում