Բարձրագույն դատական խորհրդի առաջին պաշտոնում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջարկում են Գագիկ Հարությունյանի թեկնածությունը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Գագիկ Հարությունյանի կենսագրությունը:
Գագիկ Հարությունյանը հիշեցրեց, որ ուղիղ 37 տարի առաջ է խորհրդարանի շենքում պաշտոնավարել, այդտեղից սկսել է տարբեր պաշտոններ զբաղեցրել:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գագիկ Հարությունյանին հիշեցրեց, որ 2014-ին հենց իր ներկայությամբ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն է նախագահ Սերժ Սարգսյանն ասել, որ այլեւս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար եւ եթե պառլամենտական կառավարման մոդելն ընտրվի, չի հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Փաշինյանը հարցրեց՝ նախագահը լո՞ւրջ էր ասում սա, թե՞ հումորային էլեմենտներ կային, ասենք սեղանի տակ ասել է՝ թխի թող գա, հնարավոր է՝ մոնտաժված է:
Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահի հետ իր բոլոր հանդիպումների ժամանակ չի եղել մի դեպք, որ նա իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ. «Նաեւ այդ օրը այդ խոսքը հնչեցնելիս սեղանի տակ կամ սեղանի վրա որեւէ բան չի եղել: Նախագահն ասել է իր կարծիքը: Իսկ թե նախագահը ասել է մի բան, հետո իր կարծիքը փոխվել է՝ Գագիկ Հարությունյանը հորդորեց հարցնել հենց նախագահին:
Փաշինյանը Գագիկ Հարությունյանին նաեւ հարցրեց՝ ՀՀ-ում երբեւէ քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ չեն եղել եւ ՀՀ-ում երբեւէ ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ չեն կեղծվել: Նա պատասխանեց, որ ՀՀ-ում բոլոր այն ընտրությունները, որոնց վերաբերյալ վեճերը բերվել են ՍԴ, չի եղել դեպք, որ ընդհանրապես խախտումներ չեն արձանագրել. «Նույնիսկ տասնյակներով փաստեր ներկայացվել են, ուղարկվել են դատախազություն: Բայց ներկայացված հիմնավորումները, ապացուցողական նշանակություն ունեցող փաստերն այնպիսին չեն եղել, որ ՍԴ-ն անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները»:
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, նա ասաց, որ պատշաճ չի համարի ոչ հերքել, ոչ հաստատել. «Որեւէ նման գործի նյութերի ծանոթ չեմ եղել: Մեզ մոտ քննարկվող որեւէ դիմումով նման տիպի հարց չի շոշափվել»:
Փաշինյանը հարցրեց՝ 2004-ին, երբ դուք ՍԴ նախագահ էիք, ՍԴ-ն որոշում կայացրեց, որ ՀՀ-ում վստահության հանրաքվե պետք է տեղի ունենար՝ նախագահական ընտրություններից հետո: Այդ վստահության հանրաքվեն մինչ այսօր տեղի չի ունեցել, ե՞րբ պետք է տեղի ունենա: Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ ամեն հարց իր համատեքստում պետք է քննարկել: Նա հիշեցրեց Մարտի 1-ը, ասաց, որ մեր հանրապետությունը մի անգամ չէ, որ կանգնել է այդպիսի իրավիճակի առջեւ: 2003-ի ընտրություններից հետո նա հիշեցրեց, որ երկրում ծանր իրավիճակ էր, նույնիսկ ՀՀ նախագահը հայտարարում էր, որ քաղաքական հակամարտությունը հանրային հակամարտության է վերածվում: Նա ասաց, որ երբ վստահության հանրաքվեի մասին ասաց, ե՛ւ աջից, ե՛ւ ձախից. «Այն ժամանակ մեր խոսքը ճիշտ չմեկնաբանվեց: Մենք առաջարկել էինք երկրի նախագահին՝ որպես լուծում ինչպես կընդունվեր, մենք դա պարտադրել չէինք կարող…Այդ հարցն այդպես էլ մնաց նույնիսկ մասնագետներից շատերի կողմից չընկալված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ