«Կա խնդիր, որը քաղաքական ուժերը կողմ են քննարկման: Եթե ուշադիր լինեք, դահլիճում հնչում է մեղադրանք`դուք չեք ուզում, որ քննարկում կատարվի լսումներից հետո, որովհետեւ ինչ-որ խնդիրներ կան: Մենք էլ կողմ քվեարկեցինք, ասացինք, որ դեմ չենք, խնդրեմ, ինչքան ուզում եք` քննարկենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց մարտի 1-ի հարցն օրակարգ մտցնելու հարցի վերաբերյալ ՀՀԿ-ի քվեարկությունը, ԱԺ նախկին նախագահ, մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք, ՀՀԿ- ն կողմ քվեարկեց, որ «Ելք»-ի ներկայացրած նախագիծը քառօրյա նիստերի օրակարգ մտնի:
Հիշելով տասը տարի վաղեմության դեպքերը`խորհրդարանական հանձնաժողովի կատարած աշխատանքը, իր ներկայացրած զեկույցը, այդ շրջանում իր արած մի շարք հայտարարություններ, Սամվել Նիկոյանն ասաց, որ մնում է իր կարծիքին`ընդդիմության մի մասը ցանկանում էր, որ այդ դեպքերը բացահայտվեին, բայց որոշում կայացնող ընդդիմադիրները, չէին ցանկանում, քանի որ դեռ հույս ունեին, որ իշխանափոխություն են իրականացնելու:
Aravot.am-ի հարցին`«Ելք»-ի ներկայիս առաջնորդներին ո՞ր հատվածում եք տեսնում, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Երկրորդ հատվածի մեջ են»: Հստակեցնող հարցը`այսինքն, իրենք չե՞ն ուզում, որ այդ իրադարձությունները բացահայտվեն, Սամվել Նիկոյանն անպատասխան թողեց: Ձեռքով արեց եւ հեռացավ` անպատասխան թողնելով մյուս հարցն էլ`ի՞նչ նպատակով են հարցն օրակարգ բերում, լսումներ անցկացնում:
Այլ մանրամասները` տեսանյութում
Թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չհարցաքննվեցին, Սամվել Նիկոյանը հորդորեց դիմել իրավապահներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ