Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը փետրվարի 24-ին նշանադրվել է։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ մինչեւ բանակ գնալն է աղջկան ճանաչել եւ շփվել, ապրիլյան դեպքերից հետո էլ աղջիկն իր կողքին է եղել մինչ օրս եւ որոշել են նշանվել։
Դավիթի նշանածը՝ Սոնան, իր համագյուղացին է: Երկուսն էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղից են։ Սոնան «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ նախքան Դավիթի բանակ գնալը ընկերություն են արել, այդ ժամանակ ինքը 14 տարեկան է եղել։ Ծառայության ընթացքում էլ միշտ կապ են ունեցել, իսկ քառօրյային Դավիթի հետ պատահած դեպքի մասին դպրոցում է պատահական իմացել։ «Շատ ծանր տարա, եկա տուն, ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում, չգիտեին, որ արդեն գիտեմ, չգիտեի՝ ինչ անել»,- պատմում է Սոնան եւ ասում, որ Դավիթի վիրավորվելուց հետո ծնողներն իրեն ավելի շատ են ասել, որ գնա ու տղայի կողքին լինի, աջակցի Դավիթին։
«Բայց երբ ինքը հոսպիտալից եկավ, իրար հետ կապ չունեինք։ Այդ ժամանակ Դավիթը չուզեց, որ շփվենք՝ պատճառաբանելով, որ այդ վիճակով չի ուզում իր կողքին լինեմ, բայց ես բոլորին դեմ եմ գնացել, անգամ իրեն։ Քանի անգամ բաժանվեցինք, նորից հաշտվեցինք, շատերը կային, ասում էին, որ մի անգամ բաժանվել եք, հազիվ առիթ է, էլ մի՛ հաշտվիր»,- պատմում է աղջիկը եւ ասում, որ ոչ ոքի չի լսել եւ որոշել է, որ պետք է նշանվի Դավիթի հետ։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում