Ասեք ինձ մի լուրջ քաղաքական գործչի անուն, որ չի հոգնել եւ շարունակում է քաղաքական գնահատականներ հնչեցնել ընթացող դատական պրոցեսի մասին: Միշտ է այդպես լինում: Սկզբում հայտարարում են, որ ձերբակալվածը քաղաքական բանտարկյալ է, հետո մի քիչ խոսում են այն մասին, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց հենց մի քանի փաստ է ջրի երես ելնում (կապ չունի` սուտ թե ճիշտ), քաղաքական գործիչները լռում են, որովհետեւ դատվողի հաշվին ինքնագովազդվելու փորձերը դառնում են մի տեսակ անիմաստ զբաղմունք: Քաղաքականությունը միշտ պետք է հեռու մնա իրավապահների գործունեության դաշտից, չփորձի ազդել նրանց աշխատանքների վրա: Եվ կապ չունի` մարդուն հենց նո՞ր են ձերբակալել, թե՞ սրանից մեկ տարի առաջ: Երբ քաղաքական գործիչն իր սխալ գնահատականներով մտնում է իրավական դաշտ, հետո շատ դժվար է լինում վերականգնել այն մարդու հեղինակությունն ու անունը, որին, թեկուզ անարդարացի, ներքաշել են որեւէ գործի մեջ:
Դատական գործերի շուրջ այս աժիոտաժը մեծապես պայմանավորված է նաեւ մեր օրապակաս քաղաքական գործիչների շտապողական գնահատականներով, որոնց առատությունից հասարակության օգուտն այն է, որ նա կորցնում է գլուխը:
Մամուլը դատական գործընթացների շուրջ տժժացնողներից մեկն էլ փաստաբաններն են, այսպես կոչված՝ պաշտպանները: Իրենց եթե լսես` կպարզվի, որ կյանքի ու մահու կռիվ են տալիս դատարաններում: Բայց ասեմ, որ նրանց այդ պատմությունների մեջ շոուից բացի ոչինչ չկա: Մանավանդ՝ քաղաքական երանգավորում ունեցող գործերի քննության ժամանակ նրանք ունեն մի սահման, որից այն կողմ անցնելու ո՛չ քաջություն ունեն, ո՛չ էլ մտադրություն: Տիպիկ եվրոպական թիթիզություն է փաստաբանությունը Հայաստանում: Բայց փոխարենը մեր փաստաբանները լավ աղմուկ հանել գիտեն, եթե այդպես է պահանջում քաղաքական մոմենտը: Բոլորը պետք է ամեն ինչ մոռանան ու հետեւեն, թե փաստաբանի պայուսակից ինչ հանեցին, թե փաստաբանն ինչպիսի խիզախությամբ հակադարձեց դատավորին (նա այդ իրավունքը չունի), թե նա ինչպես առանց որեւէ մեկին զգուշացնելու նիստի չեկավ կամ ինչպես հեռացավ նիստից, երբ իր «պաշտպանյալին» դուրս հրավիրեցին` դատարանի նկատմամբ անհարգալից գտնվելու համար:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում