ԱԺ-ում քննարկվեց 2008-ի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» նախաձեռնած ԱԺ հայտարարության նախագիծը: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական ուժերը կարող է թոթափել Մարտի 1-ի բեռը՝ կողմ քվեարկելով: Հիշեցնենք, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին:
Խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասաց, որ անգամ լսումներից հետո ինքն այդպես էլ չհասկացավ, թե ՀՀԿ-ն ինչու է դեմ նախագծին. «Ձեր ելույթների մեջ կային թախծոտ ելույթներ, ներման, սփոփանքի ելույթներ, բա ինչի՞ եք դեմ, կարա՞ մեկը բացատրի»:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ եթե դուք ասում եք՝ երկրում կա արդարության դեֆիցիտ, դա նշանակում է, որ պետք է կողմ լինեք:
ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ հանձնաժողովի նիստում եւ լսումների ժամանակ դետալացված քննարկել են հայտարարության 5 կետերից յուրաքանչյուրը: Կոստանյանն ասաց, որ չնայած ընդհանրապես անիմաստ է գնահատում այդ հայտարարությունը, բայց գտնում է, որ այն պետք է մտցնել օրակարգ եւ քննարկել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ առաջարկեց կողմ քվեարկել, որ այս հարցը դառնա քննարկման առարկա, որ բացեր չմնան: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդդիմությանը հորդորեց գնահատել իշխանության այս քայլը:
93 կողմով նախագիծը միաձայն լիագումար նիստի օրակարգ մտավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ