Տարիներ շարունակ մեզ ասում էին, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում չի վերացվում, որովհետեւ օլիգարխները, բացի իրենց պաշտոնական հարկերից, վճարում են նաեւ «սեւ դրամարկղին», որտեղից հիմնականում ֆինանսավորվում է բանակը։ Ապրիլյան պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդ այսպես կոչված «սեւ դրամարկղից» բանակին ոչինչ, կամ գրեթե ոչինչ չի հասնում։ Պարզվեց, որ 21-րդ դարում առաջնագծում հսկող մեր զինվորները ունեն գիշերային դիտարկման սարքերի, սահմանի վրա շարժումների դետեկտորների ու բազմաթիվ, բազմատեսակ ժամանակակից այլ սարքավորումների խիստ պակաս, եթե մեղմ արտահայտվենք։ Թշնամու մոտենալը շատ դեպքերում իմանում են լարերից կախված պահածոների տուփերի զնգոցից։ Մի խոսքով, պարզվեց, որ հանուն բանակի տնտեսության ստվերը ընդամենը «կրուտիտ է» ու հսկայական՝ հարյուրավոր միլիոն դոլարներ ուղղակի գրպանվել են։
Բանակի ոչ պաշտոնական ֆինանսավորման մյուս աղբյուրը բարեգործությունն է։ Որոշակի միջոցներ այս աղբյուրից, իհարկե, գալիս են։ Բայց դա քիչ, չափազանց քիչ է, եթե համեմատենք ունեցած հնարավորությունների հետ։ Ու այստեղ հիմնական խնդիրը վստահությունն է։ Բարեգործական նպատակներով գումար հատկացնողին անշուշտ, հետաքրքրում է, թե ուր գնաց այդ փողը, արդյոք դրանով ձե՞ռք բերվեց այն, ինչ պետք է ձեռք բերվեր, թե՞ այդ գումարը նույնպես գրպանվեց։ Դատելով մեր ներկա ու նախկին բարձրաստիճան զինվորականներից ոմանց ունեցած նյութական կարողությունների ծավալից, բարեգործների մտավախությունները առնվազն տեղին են։ Այլ կերպ ասած, կա վստահության խիստ պակաս, կամ եթե անկեղծ լինենք՝ վստահության իսպառ բացակայություն։ Ու այս պայմաններում հուսալ, որ զուտ բարեգործական խողովակներով բանակը մեծ գումարներ կստանա, թերեւս միամտություն է։
Այսպիսով. բանակի բյուջետային ֆինանսավորման էական աճի ռեսուրսները խիստ սահմանափակ են, քանի որ տնտեսության մեջ իրական՝ որակական բարեփոխումներ չեն լինում եւ տնտեսության աճը ընդամենը քանակական է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում