Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական նոր տարին՝ Նոր Նորքում

Փետրվար 27,2018 13:19

2018 թվականին չինական նոր տարին լուսնային օրացույցով սկսվել է փետրվարի 16-ին եւ շարունակվելու է 15 օր։ Այն նշվեց նաեւ Նոր Նորքի թաղապետարանի դահլիճում՝ մայրաքաղաքի թիվ 135 դպրոցի չինարեն սովորող աշակերտների նախաձեռնությամբ, Նոր Նորքի թաղապետարանի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ։
Ընդհանրապես, չինական նոր տարին նշվում է վառ գույների բազմազանությամբ ու զուգորդմամբ՝ կարմիրի գերակայությամբ, բարձր տրամադրությամբ, ինչը եւ փորձեցին լուսնային օրացույցով տոնվող հանդիսույթի մասնակիցներին ներկայացնել դպրոցի սաները։ Բեմում չինական նոր տարվա նկարագրությունը միաժամանակ ներկայացվում էր ե՛ւ հայերենով, ե՛ւ չինարենով։ Ի դեպ, թիվ 135 դպրոցը Հայաստանի այն դպրոցներից մեկն է, ուր մեծ սիրով ուսուցանում եւ սովորում են չինարեն լեզուն եւ արդեն կարողանում արտասանել, երգել, պարել, պարզ մտքեր արտահայտել։ Երեխաները բեմից պատմում են, որ չինական նոր տարին ընտանեկան տոն է եւ ուղեկցվում է միմյանց այցելություններով, ջերմ ու գունեղ, խոսքաշեն շնորհավորանքներով, նվերների փոխանակումներով։
Այս ամենի մասին բարձրաձայնում են երեխաները, որոնց սիրով օգնել են այս հանդիսույթը կազմակերպել Երեւանում գործող Կոնֆուցիուսի կենտրոնը։

«Մենք նման միջոցառումների ժամանակ ուրախանում ենք, տեսնելով այն մեծ հետաքրքրությունը, որ ունեն հայերը չինական մշակույթի նկատմամբ,- ասում է Կոնֆուցիուսի կենտրոնի ղեկավար Յան Մեյխուան, ապա ավելացնում,- հայերը կարողանում են կիսել բարեկամի ուրախությունը, ինչն էլ տեսնում ենք այստեղ»։
Չինական ամեն մի նոր տարի ունի իր խորհրդանիշը։ Այս անգամ այն դեղին շունն է։ Երեխաները ձգտում են հանդիսատեսին ներկայացնել չինական նոր տարվա առանձնահատկությունները նաեւ այս տեսակետից։

Տոնակատարությանը ներկա է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով սիրով դիմում է ներկաներին եւ շնորհակալություն հայտնում ջերմ վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ նման միջմշակութային կապերն ավելի քան անհրաժեշտ են հին դարերից սկսած բարեկամություն անող հայ եւ չինացի ժողովուրդներին։

«Այն, ինչ տեսանք բեմում՝ գեղեցիկ է, հրաշալի, ջերմ,- իր խոսքում ասաց դեսպանը,- երեխաները մեկ ժամվա ընթացքում խտացրել էին չինական տոնակատարության մանրամասները եւ, ամենակարեւորը, կարողանում էին այդ ամենը մեզ՝ ներկաներիս, մատուցել։ Սա եւս հայ-չինական բարեկամության մի մեծ շքերթ էր»։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը եւս շատ կարեւոր է համարում նման միջոցառումները եւ այն, ինչ կարողացան մատուցել աշակերտները ե՛ւ ուսանելի է, ե՛ւ խրախուսելի։ Այսպես պետք է հաղորդակցվել բարեկամ ժողովրդի մշակույթին։

«Այս դպրոցի ավելի քան 200 աշակերտներ իրենց ցանկությամբ չինարեն են ուսումնասիրում, հաղորդակցվում մեր բարեկամ երկրի պատմությանն ու գրականությանը,- ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- ուրախալի է տեսնել, թե հայ երեխաներն ինչպես են կարողանում իրենց մտքերն արտահայտել, երգել, արտասանել ու պարել։ Նաեւ այսպես է ամրապնդվում այն բարեկամությունը, որ կա մեր երկու ժողովուրդների միջեւ»։

 

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

«Առավոտ»

27.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728