Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսենսուս-1. «Ծառուկյան« դաշինքը, «Ելքը», ՀՅԴ-ն ռեյտինգային ընտրակարգը հանելուն կողմ քվեարկեցին

Փետրվար 27,2018 10:38

ԱԺ-ում այսօր քննարկվեց «Ծառուկյան դաշինքի» առաջարկը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ ռեյտինգային ընտրակարգը հանելու:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե այս Ընտրական օրենսգրքով ընտրություն անենք, դա կլինի հերթական այլասերված ընտրությունները:

Նա նշեց, որ եթե իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այդ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է քաղաքական կոնսենսուսով, այսօր էլ քաղաքական կոնսենսուս կա խորհրդարանում հանել ռեյտինգային ընտրակարգը. «Կոնսենսուս-1, այսինքն, խորհրդարանում ներկա բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից, կողմ են տարածքային ցուցակները հանելու, անցնելու համամասնական ընտրակարգի»: Զոհրաբյանն ասաց, որ այն ուժերը, որոնք կողմ են ռեյտինգայինը հանելու, պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ միասին քննարկել եւ լուծումների հետ կապված գալ փոխհամաձայնության. «Մենք բաց ենք քննարկման»:

Վերջին խորհրդարանական ընտրություններից մեկ տարի էլ չի անցել՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ապրիլի թե նորմալ ընտրություն էր՝ քաղաքական գաղափարների, այլ մի բան էր, որի անունը ցենզուրայից ելնելով չի տալիս:

Ի պատասխան՝ հարակից զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս ընտրակարգը լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ եթե այս հարցը համաձայնեցված բերվեր խորհրդարան, գուցե անցներ, իսկ հիմա վստահ է, որ չի անցնելու. «Մեր տեսակետը հստակ է՝ չենք ասում, որ սրանով հարցը փակված է, պետք է հասնենք համաձայնության: Մենք համարում ենք, որ այս ընտրակարգը, որը գործում է, հակաժողովրդավարական է, որովհետեւ չի կարող մեկը քիչ ձայն ստանա, ստանա մանդատ, իսկ մյուսը մանդատ չի ստանում՝ ավելի շատ ձայն ունենալով: Սա պետք է փոխվի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ այժմ ՀՀԿ-ն նպատակահարմար չի գտնում այս հարցի քվեարկումը, իրենք դեմ են քվեարկելու: Նա ասաց, որ դեռ մինչեւ 2022-ը բավականին ժամանակ կա, պարզ է, որ կանդրադառնան Ընտրական օրենսգրքին, բայց ոչ հիմա:

Նախագիծը չընդունվեց 39 կողմ, 56 դեմ ձայն ստանալով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728