«Գիրք կարդալը դարձրեք նորաձև, կրկնապատկեք ու եռապատկեք ակտիվ ընթերցողների թիվը». նախարար Ամիրյանի պահանջն ուղղված էր Լոռու, Կոտայքի ու Արագածոտնի մարզային գրադարանների տնօրեններին, որոնք նախարարություն էին ներկայացել տարեկան հաշվետվություններով: Նախարարն իրավիճակը բարելավելու և մարզային կառույցի համար ոչ այնքան դյուրին խնդիրը լուծելու բազմաթիվ տարբերակներ առաջարկեց:
Մասնավորապես, Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանին առաջարկեց մտածել շրջիկ գրադարան ստեղծելու մասին: Ողջ Հրազդան քաղաքը սպասարկելու համար հնարավոր համարեց նաև քաղաքի մեկ այլ տարածքում գրադարանի փոքրիկ մասնաճյուղ ստեղծելու հնարավորությունը: Առաջարկեց ակտիվորեն համագործակցել այցելուներով հարուստ Ծաղկաձորի հյուրանոցների հետ:
Համագործակցության տարբերակներ ու գաղափարներ առաջարկեց նաև Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանին. աշխատել տեղի Հայորդաց տան հետ, հետաքրքիր միջոցառումներ իրականացնել Աշտարակում գործող Պերճ Պռոշյանի թանգարանում և այլն:
Լոռու մարզային գրադարանի տնօրենին առաջարկեց համագործակցել Վանաձորի թատրոնի հետ. դերասանների օգնությամբ կազմակերպել հանրային ընթերցումներ մարդաշատ վայրերում, Տեխնոլոգիական կենտրոնի տնօրենության հետ քննարկել վերջինի տարածքում գրադարանի փոքրիկ մասնաճյուղ հիմնելու հնարավորությունը: Արմեն Ամիրյանի համոզմամբ, հանրությանը գրքին մոտեցնելու և գիրք կարդալը նորաձև դարձնելու համար պետք է օգտագործել եղած բոլոր հնարավորությունները
«Մի՛ վախեցեք համագործակցությունից: Բաց եղեք ու «ընկերություն արեք» տարբեր կառույցների հետ: Առանց առողջ համագործակցության ոչինչ չի ստացվի: Մենք պետք է կարողանանք մտածել միևնույն հարթության մեջ: «Գրկաբաց» ընդունեք նոր գաղափարները, ինքներդ ոգևորվեք դրանցով ու «անհանգստացրեք» մեզ անընդհատ»,-առաջարկած համարձակ ծրագրերից փոքր-ինչ վախվորած Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանին ասաց Արմեն Ամիրյանը:
Գրադարանի տնօրենն ասաց, որ ընթերցողների և այցելուների թիվն ավելացնելու որոշակի քայլեր արդեն ձեռնարկել են. 2017-ի հուլիսից գրադարանում գործում է մանկական ժամանցային կենտրոնը: Ընթացքի մեջ է LOFT-ի հետ համագործակցության ծրագիրը: Տնօրենը նախարարի հետ խորհրդակցեց գրադարանի հարակից տարածքում գրադարան-սրճարան ստեղծելու հնարավորության շուրջ:
Փոքրիկ վիճակագրություն. 2017-ին Լոռու մարզային գրադարանն ունեցել է շուրջ 12 հազար, Կոտայքի մարզային գրադարանը՝ 5764, իսկ Արագածոտնի մարզային գրադարանը 4402 մշտական ընթերցող:
Ալիսա Գևորգյան
Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի