Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են մարդիկ կտրուկ, վերջնական դատողություններ անում բարդ, վիճահարույց թեմաների շուրջ, որոնք նրբանկատություն են պահանջում: Իսկ նրբանկատ, իմ կարծիքով, պետք է լինել ցանկացած մարդու հանդեպ՝ պաշտոնյա, թե անպաշտոն, հարուստ, թե աղքատ, ազատության մեջ, թե ազատազրկված:
Զոհված զինվորի շուրջ ստեղծված իրավիճակը պատճառ դարձավ այդ տեսակի հապճեպ դատողությունների, եւ նրանք, ովքեր օգտագործելով բոլորիս զգացմունքները, փորձում են սուր, խիզախ եւ ընդդիմադիր բացականչություններ արտաբերել, առնվազն նրբանկատ չեն: Հարցի էությունը, իմ կարծիքով, հետեւյալն է. մի կողմից՝ պարզ է, որ սահմանին զոհված տղային անգամ առանց մկրտվելու թաղելուց եկեղեցին փուլ չի եկել. եթե մարդը կամ, տվյալ դեպքում, նրա ամենամոտիկ հարազատները իրենց համարում են հայ քրիստոնյա, նրանցից փաստաթուղթ պահանջելն այնքան էլ իմաստալից չէ: Ես, օրինակ, մկրտվել եմ պատերազմի ժամանակ Վերիշենում, եւ իմ կնքահայրն ու քահանան, ցավոք, այլեւս մեզ հետ չեն: Ինչ-որ մեկը պետք է վիճարկի՞ իմ դավանանքը:Ուրիշ հարց, երբ մարդը աթեիստ է, բողոքական կամ կաթոլիկ ու չի ուզում մասնակցել մեր եկեղեցու արարողություններին՝ ոչ ոք իրավունք չունի նրան ստիպելու:
Մյուս կողմից՝ օգտագործել այս իրավիճակը Շիրակի թեմի առաջնորդին եւ ընդհանրապես բոլոր հոգեւորականներին անկապ «քլնգելու» համար, նույնպես, կարծում եմ, տգեղ է: Սրբազանը չէր կարող միանգամից խորանալ Ախուրյանում այս հարցի շուրջ հյուսվող բոլոր խարդավանքների մեջ: Սա այն դեպքը չէ, երբ պետք է հուզական ընդհանրացումներ անել (օրինակ՝ «ողբամ զքեզ, հայ ժողովուրդ…»):
Նմանատիպ հապճեպ եւ նույնպես «խիզախ-ընդդիմադիր» դատողություններ արվում են առողջապահության ոլորտում: «Արգելել մարդկանց ծխել հասարակական վայրերում կամ պարտադրել նրանց դեղատոմսով գնել հակաբիոտիկները` հավասարազոր է հայ ժողովրդի ցեղասպանության, իսկ առողջապահության նախարարը մերօրյա Թալեաթ-փաշան է»: Դարձյալ բարդ խնդիրներն առանց կրքի եւ ըստ էության քննարկելու փոխարեն մարդիկ ընկնում են պոպուլիզմի եւ հնչեղ որակումներ տալու հետեւից:
Իսկ խնդիր իրականում կա երկու դեպքերում էլ: Առաջին դեպքում խնդիրը, իմ կարծիքով, մեր հասարակության «հանդուրժողական» վերաբերմունքի մեջ է՝ նիհիլիզմի, փնթիության եւ անտաշության հանդեպ՝ մինչեւ ամեն մեկս նկատողություն չանի եւ օրենքով չսպառնա այն մարդկանց, որոնք համարձակվում են ծխել փակ տարածքներում, ոչ մի պետական խստացում չի օգնի: Իսկ երկրորդ պարագայում խնդիրը մեր պոլիկլինիկաների խղճուկ վիճակն է՝ դրանք մի վայր են, որտեղ մարդկանց ստորացնում են ու ամեն գնով անօրինական փող են կորզում, ինչն անշուշտ կանեն նաեւ դեղատոմս դուրս գրելու համար:
Բայց այդ ամենը ազգային ողբերգություն չէ: Ազգային ողբերգությունը հուզական բացականչություններ արտաբերելու մոլուցքն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ազգային ողբերգություն է՝ «հայերի» մեջ Հայ ծնվելը, ապրելն ու մեռնելը:
Ես միայն մի բանի համար կմեղադրեի առողջապահության նախարարին: Անշնորհք կազմակերբած բարեփոխումների համար: Մի՞ թե դժվար էր մարդկանց բացատրել այս ամենի նպատակը, որը ի վերջո բերելու է քաղաքակիրթ առաողջապահության: Օրինակ՝ կարող էր ներկայացնել Վրաստանի համապատասխան օրենքը և վրացիների փորձը:
Դեղատոմսերի այս պահանջի պատճառը ինձ համար ակնհայտ է: Պատրաստվում են մտցնել պարտադիր բժշկական ապահովագրություն, որը պետք է վճարի հիվանդի դեղերի գումարը: Եվ կվճարի միայն դեղատոմսով գնված դեղերի համար: Կարծում եմ՝ դեղատոմսով գնելու պայմանը կհանեն, պարտադիր ապահովագրությունը մտցնելուց հետո: Վրաստանի պես: