Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան դաշինքը չէր կարող գործող նախագահի առաջարկած թեկնածուին համապատասխան ձայներով չապահովել». քաղաքագետ

Փետրվար 26,2018 21:40

Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով, Ծառուկյան դաշինքը ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածությունը չսատարելու այլընտրանք չուներ:

«Ծառուկյան դաշինքը Արմեն Սարգսյանին է ձայն տալու, որովհետեւ առաջին փուլով նախագահ ընտրվելու համար կոալիցիայի ձայները բավարար չէին, իսկ Ծառուկյան դաշինքը որեւէ գործողություն չի իրականացնի գործող նախագահի դեմ: Իսկ առաջարկվող նախագահի թեկնածուն գործող նախագահի թեկնածուն է, եթե նրանք փորձեին դեմ քվեարկել, կստացվեր, որ մարտահրավեր են նետում գործող նախագահին:

Իսկ ԲՀԿ-ն մի անգամ փորձել է մարտահրավեր նետել գործող նախագահին, արդյունքը փակված ու բացված էջերով գրքերն էին, Ծառուկյան դաշինքը չէր կարող գործող նախագահի առաջարկած թեկնածուին համապատասխան ձայներով չապահովել, թե ինչ մեկնաբանությամբ կապահովեն, դա արդեն նշանակություն չունի»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ, որի ընթացքում որոշվել է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կողմ քվեարկել: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ վստահեցրել էր, որ Արմեն Սարգսյանը կանխելու է արտագաղթը:

«Նախագահի 4-րդ թեկնածուն չունի որեւէ լծակ ներգաղթ իրականացնելու, արտագաղթը կանխելու կամ որեւէ դրական փոփոխություն իրականացնելու»,-հակադարձեց քաղաքագետը:

Նրա խոսքով, նախագահի թեկնածուն որեւէ կապ չունի ժողովրդի հետ, նրան ժողովուրդը չի ընտրում, հետեւաբար, որոշ քաղաքական գործիչների հայտարարություններ, թե Արմեն Սարգսյանը կարդարացնի ժողովրդի կամ իրեն ձայն տված քաղաքական ուժերի վստահությունը, անհեթեթություններ են. «Կանխորոշված ընտրություն էր, նույնիսկ իր մինի հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանը մշտապես խուսափել է քաղաքական հարցերին կոնկրետ պատասխանելուց, տվել է ոչինչ չասող պատասխաններ, այսինքն, գործող նախագահը գիտեր  ում է առաջադրում որպես գործող նախագահի թեկնածու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728