«Տեսա, թե ինչպես են փողոցում երեխաները դաժանորեն ծեծում շան փոքրիկ ձագին: Ու այդ պահին այնքան բարկացա, որ ձագին նրանց ձեռքից վերցրի ու թաքցրի: Հուսամ՝ դրանով կարողացա փրկել շան կյանքը», – Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Երևանի բնակիչներից մեկը:
Ըստ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92-րդ հոդվածի՝ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ինչպես նաև նրանց խոշտանգելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Բայց ինչպես «ProPaws» բարեգործական միության նախագահ Նարե Արամյանն է ասում իր հարցազրույցներից մեկում, դեռևս այդ հոդվածով որևէ գործ չի հարուցվել:
Սիսիանի բնակիչներից մեկը վերջերս պատմեց, որ իրենց քաղաքում գիշերը կրակում են շներին ու դիակները տեղափոխելուց հետո չեն մաքրում փողոցից նրանց արյան հետքերը: Ողջ գիշեր լսվել են կրակված շների վնգստոցները, իսկ հաջորդ օրը մարդիկ փողոցում տեսել են արյան հետքերը:
«Դինգո թիմ» կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյանը պատմեց մեկ այլ շան մասին, որին գիշերը կրակել էին Դավթաշենում և թողել, որ արնաքամ լինի: Նրանց կազմակերպությունը նրան առել էր խնամքի տակ ու փրկել:
«Մենք ստերջացնում ենք թափառական շներին, որ սերունդները դրսում չհայտնվեն, ինչպես նաև փողոցից հարյուրավոր կենդանիներ ենք տալիս որդեգրման: Մեր չափով նպաստում ենք գլխաքանակի նվազեցմանը», ասաց Գ. Մանուշակյանը:
«Վասյա: Երբ նա դեռ ձագուկ էր ու չէր կարող քայլել, նրա տերերը նրան պարզապես փողոց էին շպրտել: Շատ երկար վիրահատություններ ու բուժումներ եղան, որպեսզի նա կարողանա քայլել, սակայն ապարդյուն», պատմեց Գոհար Մանուշակյանը: «Բայց հետևի ոտքերն օգտագործել չկարողանալը դեռ չէր նշանակում, որ նա չէր լինի երջանիկ: Նա որդեգրվել է և հիմա ունի ընտանիք»:
«Կոստիկ: Նա մաքրացեղ փիթբուլ էր, որին շահագործելուց հետո տերերը ծեծել էին, պահել սոված: Վերջում էլ պարզապես թելով կապել ծառին ու լքել-գնացել: Երբ նա հայտնվեց մեզ մոտ, հյուծված ու վախեցած էր, ամբողջ մարմինը՝ ծածկված վերքերով: Մենք նրան բուժեցինք, ուշքի բերեցինք, և նա որդեգրվեց: Հիմա շատ սիրված ու երջանիկ է իր նոր ընտանիքում»:
Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ