Քաղաքական վերլուծաբան Իրակլի Չխեիձեն հոդված է հրապարակել EurAsia Daily պարբերականում՝ վերլուծելով վրաց-ադրբեջանական զարգացող հարաբերությունների մութ կողմերը:
Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այսօր համարվում են բարեկամության և բարիդրացիության օրինակ: Ձևավորվելով դեռ անկախություն ստանալու վաղ փուլում՝ դրանք, այնուամենայնիվ, սկզբում մեծապես հենվում էին Էդուարդ Շևարդնաձևի և Հեյդար Ալիևի անձնական կապերի վրա: Ժամանակին երկուսն էլ Կրեմլում խոշոր դերակատարներ էին, և երկուսն էլ ԽՍՀՄ փլուզումից հետո նստեցին արդեն անկախ պետությունների ղեկավարների աթոռին: Հիանալի կերպով հասկանալով նոր ուղղությունը և գիտակցելով Արևմուտքի գերակայող դերակատարությունը՝ նրանք նավարկեցին հենց այդ ուղղությամբ՝ սկսելով պարզապես բարեկամություն անել միմյանց հետ, իսկ որ առավել շահավետ է, ինչ-որ մեկի դեմ: Այդպիսով, տասնամյակների ընթացքում առաջացել է տրանսպորտային միջանցքի ստեղծման գաղափարը, որով Կասպից ծովից ածխաջրածինը տեղափոխվում է Արևմուտք՝ շրջանցելով Ռուսաստանը:
Կրեմլի հին դպրոցի ներկայացուցիչների մոտ բավարարում էր խելքը և քաղաքական փորձը՝ ուղղակի առճակատման չգնալ հզոր հյուսիսային հարևանի հետ, որքան էլ, որ Արևմուտքում փորձեին նրան ներկայացնել խարխուլ ու թուլացած: Շևարդնաձևին հաջորդածներն առանձնապես ոչ խելք ունեն, ոչ էլ քաղաքական փորձ, հետևաբար Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները անվերադարձ վատթարացան: Ընդ որում, Վրաստանն անխուսափելիորեն մերձեցավ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ աստիճանաբար գործընկերոջից վերածվելով դաշնակցի: Հարցը՝ որքանով է նման ռազմավարական գիծը դրական երկարաժամկետ կտրվածքով, Վրաստանի լայն հանրությանը մտահոգում է մինչ օրս՝ դառնալով սուր քննարկումների թեմա: Քաղաքական էլիտան, ի տարբերություն հասարակության լայն շերտերի, փորձում է այդ հարցերը հնարավորինս չնկատել, բայց խնդիրն այն է, որ միգուցե դա այնքան էլ այդպես չէ. չափազանց շատ ծխացող ածուխներ կան վրաց-ադրբեջանական հարաբերությունների հիմքում:
2018թ. առաջին քառորդում նախատեսվում է վրաց-ադրբեջանական հերթական հանդիպումը սահմանազատման ու գծանշման հարցով: Սա բավականին լուրջ խնդիր է, որն իր մեջ ներառում է բազում վիճելի հարցեր:
Մի փոքր թեմայից շեղվելով՝ ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ վերջին տասնամյակում վրացական բոլոր իշխանությունները մեծ ջանքեր են գործադրել ռուսական ազդեցությունից ազատվելու համար, որպեսզի կախում չունենան Ռուսաստանից ռազմավարական նշանակության նյութերի մատակարարման հարցում: Ռուսատյացության՝ գնալով խորացող ալիքի ֆոնին ուրախությամբ են ողջունում ռուսական վառելիքի փոխարինումն ադրբեջանականով: Վրաստանի տնտեսության մեջ թուրքական ու ադրբեջանական ներդրումների աճող ծավալներն իսկապես հանգեցրել են նրան, որ Վրաստանն աստիճանաբար իրավահավասար գործընկերոջից վերածվել է թուրքական տանդեմի ենթակայի: Մինչ այժմ ուրախության համընդհանուր աղմուկի մեջ կորչում են այն ձայները, որոնք զգուշացնում են, որ էներգետիկ ու տնտեսական անկախություն չկա, որովհետև մի սուբյեկտը փոխարինվում է մյուսով: Եթե նախկինում կախված էիր առաջինից, ապա հիմա՝ երկրորդից: Սա՛ է տարբերությունը:
Այս բոլոր խոսակցությունները հատկապես ակտուալ են դառնում «Դավիթ Գարեջայի» վանական համալիրի հետ կապված խնդրի ֆոնին: Դավիթ Գարեջան այսպես կոչված «ասորի հայրերից» մեկն էր, որն իր համախոհների հետ հսկայական դեր է կատարել Վրաստանի քրիստոնեացման գործում՝ վանական կենտրոններ կառուցելով: Հենց այդ վանական համալիրներից մեկն էլ կռվախնձոր է դարձել Վրաստանի ու Ադրբեջանի միջև: Երկու պետությունների սահմանն անցնում է հենց համալիրի տարածքով: Թվում է՝ ինչ կապ կարող է ունենալ մուսուլմանական Ադրբեջանը քրիստոնեական մենաստանի հետ, բայց Բաքուն կարծում է, որ այդ համալիրը ալբանական մշակույթի հուշարձան է և այն անվանում է «Քեշիչի-Դագ»:
Վրաստանում այլևս դա չի զարմացնում: Մենք արդեն գրել ենք Ադրբեջանում լույս տեսած պատմության դասագրքերի մասին, որոնցում Թբիլիսին համարվում է ադրբեջանական քաղաք, իսկ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ ոչ միայն Երևանը, այլև ամբողջ հայկական պետությունը գտնվում է ադրբեջանական հողերի վրա: Դրա հետ վիճել, բնականաբար, անիմաստ է, ինչպես ինչ-որ մեկին բացատրել, որ արևը լուսավորում է ցերեկը, իսկ լուսինը՝ գիշերը: Այդ «պատմական» փաստերին կարելի է միայն ավելացնել այն խորը գիտական փաստը, որ Սև ծովը փորել են հնագույն ուկրերը: Կատակը՝ կատակ, մինչդեռ «Դավիթ Գարեջայի» խնդիրը առկա է, քանի որ ադրբեջանցի սահմանապահները 2012թ. մայիսից զբաղեցրել են համալիրի մի մասը և փակել մուտքը վրացի հոգևորականների, ուխտագնացների ու քաղաքական գործիչների համար:
Վրաստանի ու Ադրբեջանի պետական սահմանն ընդհանրապես լի է հրաշքներով: Վրաստանի կողմից դրա երկարությունը կազմում է 446 կմ, իսկ Ադրբեջանի կողմից՝ 480: Ինչպես է ժամանակակից երկրաչափությունը դրանից գլուխ հանելու, ոչ մեկին հայտնի չէ: Նախորդ դարի 70-ական թվականներին Խորհրդային Վրաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմանն անցնում էր Ալազան գետով, որը հունը փոխել է Վրաստանի ուղղությամբ: Այդպիսով, Վրաստանի տարածքի մի մասը մնացել է մյուս ափին, իսկ 80-ականների վերջին Վրաստանն այստեղ կառուցեց Էրիսիմեդի գյուղը և այնտեղ բնակեցրեց Աջարիայից փախստականների և Պանկիսի կիրճից չեչեն-կիստերի: Այսօր այդ գյուղի պետական պատկանելությունը թեժ քննարկումների թեմա է դարձել: Բացի այդ, Վրաստանը կարծում է, որ իր պատմական տարածքի մի մասը՝ Սանոիգալոն, այժմ մտնում է Ադրբեջանի կազմի մեջ է: Դրանք Զակատալա, Կախի, Բելաքանի քաղաքներն են, իսկ ինգիլոյները համարվում են բռնի իսլամականացված վրացիներ:
Ադրբեջանը, իր հերթին, հավակնություններ ունի վրացական Քվեմո-Քարթլի շրջանի նկատմամբ, որտեղ կոմպակտ կերպով բնակվում են ադրբեջանցիներ: Ադրբեջանում կարծում են, որ մի քանի հարյուրամյակ առաջ Իրանի կառավարիչ Նադիր Շահը այստեղ բնակեցրել է թյուրքական «բորչալու» ցեղը, իսկ Խորհդային Միության տարիներին Վրաստանի իշխանություններն ադրբեջանական տեղանունները փոխարինել են վրացականով: Վրաստանում ադրբեջանցիների բողոքական ակտիվությունը հայրենասիրական արձագանք ու աջակցություն է գտնում Ադրբեջանում: Այդ ֆոնին մեծ հետաքրքրություն է առաջացնում Արևմտյան համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովի հայտարարությունն այն մասին, որ սահմանազատման հարցը առանցքային և կենսական չէ, քանի որ կողմերը ներգրավված են ռազմավարական նախագծերում, և Վրաստանում դա պետք է որ լավ հասկանան:
«Վրացական կողմն այս իրավիճակում, եթե, իհարկե, ցանկանում է շարունակել սերտ հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը որոշակիորեն էներգետիկ անվտանգություն է ապահովում վրացիների համար, պետք է ավելի լայն նայի սահմանազատման խնդրին: Ես կարծում եմ, որ չի կարելի սահմանազատման հարցում կառչել ինչ-որ հատվածից, այլ պարզապես պետք է փոխզիջման գնալ Ադրբեջանի հետ: Վրաստանը կարող է որոշակի զիջումների գնալ. չէ՞ որ մեր երկրների միջև արդեն ձևավորված է բեղուն և սերտ գործակցություն, և չի կարելի թույլ տալ, որպեսզի մեր միջև մնան հարցեր, որոնք կարող են հանգեցնել վեճի»,- ասել է Սադիխովը ադրբեջանական «Արձագանք» հասարակական-քաղաքական թերթին տված հարցազրույցում:
Թբիլիսիում կարծես թե մոռացել են, որ անվճար պանիրը միայն թակարդում է: Այնպիսի տպավորություն է, որ հետագայում էլ Վրաստանը կշարունակի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ գնալ «միակողմանի զիջումների»: Ինչը Վրաստանի համար ոչ մի լավ բանով չի ավարտվի: Դրա լավագույն ապացույցը կարող են լինել Բաքվից հնչող արձագանքներն ու սպառնալիքները՝ ի պատասխան վրացի քաղաքական գործիչների այն հայտարարությունների, որ Վրաստանի տարածքով Թուրքիան ու Ադրբեջանի կապող երկաթուղային հաղորդակցությունը նվազեցնում է վրացական Բաթում և Փոթի նավահանգիստների մրցակցային առավելությունները: Կամ էլ Վրաստանից Ադրբեջանի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի սկանդալային առևանգումը և Թուրքիայի խնդրանքով դասախոս Էմրե Չաբուքի արտահանձնումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ