Լրահոս
Օրվա լրահոսը

Զոքանչին կացնահարողի ցուցմունքից. «Թագուհին ճանկռել է, իսկ մայրը՝ ապտակել՝ պատճառելով ֆիզիկական ցավ». (Տեսանյութ)

Փետրվար 26,2018 20:10

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին կնոջն ու զոքանչին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի բողոքով դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 8-ին Երեւան քաղաքի Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին:

64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ Թագուհին եւ նրա հայրը մարմնական վնասվածքներ էին ստացել:

Այսօրվա դատական նիստում, Թագուհի Մանսուրյանն էր մեղադրվում Վլադիկ Մարտիրոսյանին վնասվածքներ հասցնելու՝ ձեռքը, թեւը, պարանոցը ճանկռելու համար:

Մանսուրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 3 դրվագներով՝ երեք տարբեր օրերին Վլադիկ Մարտիորսյանին ճանկռելու համար:

Նույն հոդվածով, բայց 4 դրվագով Վլադիկ Մարտիրոսյանն էլ է մեղադրվում:

Հիշեցնենք, նաեւ, որ Մարտիրոսյանի նկատմամբ մեկ այլ գործով էլ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «սպանության փորձ»:

10Այսօր դատական ճառով պետք է հանդես գային 2 կողմերը, սակայն Մարտիրոսյանի պաշտպանի ճառը հետաձգվեց, քանի որ Մարտիրոսյանի ներկայացուցիչն, ինչպես ինքն ասաց, ծանրաբեռնվածության պատճառով չի պատրաստել այն:

Մարտիրոսյանն առարկեց եւ թույլ չտվեց, որպեսզի մենք նիստի ընթացքում տեսանկարահանենք իրեն:

Թագուհի Մանսուրյանը դատարանում պնդեց՝ «Ես իրեն չեմ ճանկռել»:

Ապա` Մանսուրյանի պաշտպանը՝ Անժելա Հոբոսյանը ներկայացրեց իր ճառը: Հոբոսյանի ներկայացմամբ՝ դատաբժշկական եզրակացություն չի տրվել, որ Թագուհի Մանսուրյանն իսկապես ճանկռել է Վլադիկ Մարտիրոսյանին, ընդ որում, իր ցուցմունքներում Մարտիրոսյանը նշել է մարմնի մի հատված, իսկ եզրակացությունում մարմնի մեկ այլ հատվածի վրա է վնասվածք արձանագրվել:

Կացնահարելուն նախորդած ժամանակահատվածում, ըստ Մարտիրոսյանի ցուցմունքի, նախկին կինն ու զոքանչը ծեծի են ենթարկել իրեն:  Թագուհի Մանսուրյանի մայրը, մինչ կացնահարության օրը, վիճաբանության ժամանակ, ըստ փաստաբանի, Վլադիկի՝ Թագուհու վրա գիշերը  հարձակվելիս դստերը պաշտպանելու նպատակով ձեռնափայտով հարվածել է Մարտիրոսյանին:

Սակայն Թագուհի Մանսուրյանը, ըստ պաշտպանական ճառի, երբեք չի ճանկռել Մարտիրոսյանին: Բացի այս, կրկին Մանսուրյանի եւ նրա պաշտպանի ներկայացմամբ՝ Մանսուրյանի եղունգներն արհեստական են, սիլիկոնե, եւ դրանք չեն կարող մարդու մարմինը վնասել, ճանկռել կամ վնասվածք պատճառել: «Մեղադրանք անհիմն է եւ չապացուցված»,-իր ճառում նշեց Հոբոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հոբոսյանի ներկայացմամբ՝ «Նախաքննական մարմինն ապացույցներն առանց վերլուծելու, համադրելու, առանց ստուգելու ապացույցների ձեռք բերման աղբյուրը՝ Թագուհի Մանսուրյանին մեղադրանք է առաջադրել»:

Վլադիկ Մարտիրոսյանը տաքսի մեքենա է վարել, եւ ըստ Հոբոսյանի, չի բացառվում, որ նա իր մարմնի վնասվածքը ստացել է մեքենան նորոգելիս՝ սուր եզր ունեցող բութ առարկայով, օրինակ՝ պտուտակահանով. «Այս առումով մեղադրանքը պարզ ու հասկանալի չէ, թե սուր եզր ունեցող բութ առարկա նշելով ի՞նչ է նկատի ունեցել փորձագետը կամ նախաքննական մարմինը, որովհետեւ պաշտպանական կողմը զրկվել է հիմնավոր պաշտպանություն իրականացնելու իր իրավունքից, հետեւաբար խախտվել է արդար դատաքննության իրավունքը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հոբոսյանը, Վլադիկ Մարտիրոսյանի ցուցմունքից էլ մեջբերեց, ըստ որի, Մարտիրոսյանն ասել է՝ «Թագուհի Մանսուրյանը ճանկռել էր ձախ ձեռքը, իսկ մայրը՝ Կարինե Մանսուրյանը 3 ապտակ է հասցրել դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հաջորդ նիստին, որը նշանակվեց մարտի 27-ին, ժամը 13:30-ին, Մարտիրոսյանի եւ նրա պաշտպանի ճառը պետք է լսի դատարանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728