Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանը, որ բնակվում է Գերմանիայում, իր հարցազրույցներից մեկում արտահայտած մտքերի մասին լրացուցիչ մեկնաբանություններ է տվել:
«Իմ պատկերացմամբ Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտի այսօրվա վատ վիճակը կապված է մարզիչների հետ եւ ընդհանուր երեւույթ է: Մնում եմ նույն կարծիքին: Տվել եմ կոնկրետ անուններ, սակայն ասել եմ նաեւ, որ խնդիրն ավելի շատ կապված է մարզադպրոցների եւ ըմբիշների անձնական մարզիչների հետ, որոնց սաները գալով հավաքական՝ շատ հաճախ չեն տիրապետում հնարքներին եւ հավաքականի մարզիչները ի վիճակի չեն մի քանի ամսում նրանց այս կամ այն վարժությունը մինչեւ վերջ ճիշտ կատարել սովորեցնել:
Դա նրանց անելիքը չէ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին ճանաչում եմ որպես լավ մարդու: Որպես նախկին ըմբիշի ես նրա մասին կարող եմ կարծիք արտահայտել, սակայն որպես մարզչի չեմ ճանաչում ու գնահատական տալ չեմ կարող: Նա նոր է սկսել գլխավորել հավաքականը եւ դեռ պետք է աշխատի: Ժամանակ կա նրա աշխատանքի արդյունքը գնահատելու համար:
Արայիկ Բաղդադյանի հետ միասին ենք մարզվել, գիտեմ, որ հետո նա երկար ժամանակ աշխատել է Հայաստանի լավագույն եւ փորձառու մարզիչների կողքին, շատ բան սովորել նրանցից եւ միայն դրանից հետո է ութ տարի գլխավորել հավաքականը եւ արդյունքներ եղել են»,- ասաց Արայիկ Գեւորգյանը:
Արայիկ Գեւորգյանը դժվարանում է ասել, թե ուրիշ ինչ պատճառներով կարող էր ազատ ոճի ըմբշամարտը Հայաստանում նահանջ ապրել: «Մեր ժամանակվա ու այսօրվա պայմաններն անհամեմատելի են: Մենք մարզվում էինք -15 աստիճան ցուրտ դահլիճներում, դույլով ջուր էինք տաքացնում, որպեսզի մարզումից հետո քրտինքը մաքրենք: Սնունդ չկար. առավոտյան՝ փլավ, ճաշին՝ փլավ, ընթրիքին՝ փլավ: Կարելի է ասել՝ փող էլ չէինք ստանում: Բայց մարզվում էինք նվիրումով, մեր մարզիչներն էլ նվիրումով էին աշխատում մեր հետ: Հիմա միանգամայն այլ է: Որքան գիտեմ, մարզիչներն ու ըմբիշները ամեն ամիս վարձատրվում են, արդյունքի դեպքում պետությունից ու ՀԱՕԿ նախագահից պատկառելի պարգեւատրություններ ստանում: Պայմաններ էլ ստեղծված են: Գագիկ Ծառուկյանի կառուցած «Օլիմպավանն» արդեն իսկ բավարար է: Ես աշխատում եմ Գերմանիայի պես երկրում, բայց այստեղ այդպիսի պայմաններ չկան: Դահլիճը, որտեղ ես եմ պարապում, 100 քմ-ից պակաս է, երկու գորգ չի տեղավորվում: Պարզապես, պետք է ճիշտ աշխատել ու մարզիչների ճիշտ ընտրություն կատարել», – ասաց Արայիկ Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ