Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ներկայումս շարունակվում է Դիլիջանի ազգային պարկի տարածքի պահպանությունն իրականացրած «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ պահնորդական տնակի հրկիզման քրեական գործով դատավարությունը:
Դիլիջան քաղաքի բնակիչներ Մհեր Ալիխանյանին, Ժորա Մնացականյանին, Վոլոդյա Հակոբյանին, Գուրգեն Մնացականյանին, Արամ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. հոկտեմբերի 13-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան» տեղամասի «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի ուղեփակոցում, միմյանց հետ նախնական համաձայնությամբ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, ինքնահաստատման եւ հասարակության հանդեպ երեւակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով իրենց դժգոհություն են արտահայտել ուղեփակոցի տեղադրման առթիվ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»): Մհեր Ալիխանյանի խափանման միջոցը ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, մնացածներինը`գրավը:
Դիլիջանից տեղեկացանք, որ 2018 թվականի հունվարի 1-ին Դիլիջանի ազգային պարկի տարածքի հսկողությունը իրականացնող «Պանտերա Սեքյուրիթի» ընկերության պայմանագրի ժամկետը լրացել է, եւ այդ ընկերությունը հեռացել է Դիլիջանից:
Ներկայումս ազգային պարկի պահպանությունն իրականացվում է այդ պարկի աշխատակիցների կողմից: Նրանց մեծ մասի աշխատավարձը բարձր չէ, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ծնում:
Ազգային պարկի աշխատողներից շատերի աշխատանքային ժամերը սահմանափակ են, ինչը նշանակում է , որ նրանք պատասխանատու չեն ազգային պարկում գիշերային ժամերին կատարվող ապօրինի ծառահատումների համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ