Այսօր իրավապաշտպան Արթուր Սաքունցը, աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների թեմայով քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե Աշխատանքային օրենսգիրքը որքանով է լուծում խտրականության խնդիրները` խոշոր եւ փոքր գործատուների միջեւ:
Պարոն Սաքունցը մատնանշեց խոշոր գործատուներ Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ), Գագիկ Ծառուկյանին, որոնք, ըստ Արթուր Սաքունցի, նաեւ պաշտպանված են պատգամավորական մանդատով:
Ըստ նրա, խոշոր գործատուները շուկայում ճնշում են փոքր գործատուներին եւ հարցրեց, թե ինչպե՞ս պետք է այդ խնդիրները լուծվեն: Արթուր Սաքունցը, որպես օրինակ, հիշեցրեց, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք քաղաքապետարանում մի շարք պաշտոններ հենց նրա հարազատներն են զբաղեցրել:
Քննարկումը, որը վարում էր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն, անդրադառնալով Արթուր Սաքունցի հարցին ասաց, որ հանրային ծառայությունների հետ կապված եւ քաղծառայության հետ կապված հարաբերությունները աշխատանքային օրենսդրության կարգավորման առարկան չեն եւ դրանք կարգավորվում են ոլորտային օրենսդրությամբ.
«Իսկ այն հարցերը, որոնք կարգավորված չեն, այսինքն` այնքանով որքանով, հետեւաբար` Աշխատանքային օրենսգրքով: Շահերի բախման եւ այլ հարցերն էլ, անմիջական, միմյանց ենթակայությամբ աշխատելու արգելքը սահմանված է իմ հիշատակած իրավական ակտերով»:
Այս օրերին քննարկման է դրված Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նոր նախագիծը: Այսօր «ՕքսԵՋեն» հիմնադրամի եւ «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» եվրոպական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ պետական եւ հասարակական սեկտորի մասնագետները նախագծի շուրջ կարծիքներ ներկայացրին:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանի համոզմամբ, Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն համապատասխանում Սահմանադրությանը: Բացի այդ, դրանք չեն համապատասխանում Աշխատանքի միջազգային կազմակերպության այն նորմերին, որոնք մեր երկիրը վավերացրել է:
«Գործատուների հանրապետական միության» ղեկավար Գագիկ Մակարյանն այնքան էլ համամիտ չէր պարոն Փիլիպոսյանի այն մտքին, թե փոփոխություններից եւ աշխատողն է տուժում եւ` գործատուն:
Ըստ պարոն Մակարյանի, սոցիալական մասը պետք է միշտ հավասարակշռված լինի տնտեսականի հետ եւ հակառակը եւ, եթե այդ ներդաշնակությունը խախտվում է առաջանում են խնդիրներ. «Ես բազմիցս ասել եմ, որ սոցիալական խնդիրները հակակշռում են տնտեսական բարեփոխումներին»:
ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը նշեց մի քանի խնդիրներ, որոնց մինչ այս բախվել են աշխատողները: Նրա խոսքով. «Երբ բացահայտվում էր ինչ-որ մեկի իրավունքի խախտումը, կարող է 5 միլիոն դրամի ծավալով իրավունքը խախտված լիներ, բայց 50 հազար դրամի տուգանք նշանակվեր, եթե նույնիսկ 10 միլիոն դրամ էր տուգանվում` դրանից կախված իրավունքը չէր վերականգնվում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ