Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր դատարան չէր ներկայացել ամբաստանյալներից Մովսես Ազարյանի պաշտպան՝ փաստաբան Անահիտ Հարությունյանը:
Նա դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ վատառողջ լինելու պատճառով չի ներկայանալու: Ազարյանին տրամադրվել էր հանրային պաշտպան, որը ժամանակ էր դատարանից խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, այսօր նա եւս դատարան չէր եկել:
Թեեւ Մովսես Ազարյանը դեմ չէր նիստը առանց իր պաշտպանի անցկացնելուն, սակայն, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ու մեղադրող դատախազը առարկեցին՝ առանց փաստաբան Հարությունյանի նիստն անցկացնելուն՝ պնդելով, որ դատարանը պետք է հարցաքննի նրա միջնորդած վկային՝ Տիգրան Դեմիրճյանին:
Այս վկան Հայկազ Բարսեղյանի սենյակակիցն է եղել, երկրորդ անգամ է հարցաքննվելու: Նա նախորդ հարցաքննության ժամանակ պատմել էր, որ ամբաստանյալները եկել են սենյակ, ծեծի ենթարկել Հայկազին ու նրա մեռնելուց հետո, նրա թեւերն ընկած տարել են դուրս:
Ի դեպ, դեպքից հետո այս վկան հուզական ծանր վիճակում է հայտնվել ու դատարանում պատմել էր, որ հոգեմետ դեղեր է ընդունում: Տուժող Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, պատմեց, որ նախորդ հարցաքննության ժամանակ Տիգրան Դեմիրճյանը դատարանին հայտնել է, որ նիստին գալուց առաջ դեղ է խմել, նոր եկել դատարան. «Նորմալ չէր էլ նստում տեղը, ճոճվում էր»:
Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ , վերը նշված անձանցով , խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ