Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին՝ ըստ Amnesty International-ի

Փետրվար 26,2018 18:35

Փետրվարի 22-ին «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցը աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցը, որը կրում է «Ամնեսթի միջազգային զեկույց 2017/18․ աշխարհում մարդու իրավունքների իրավիճակը» վերնագիրը, անդրադառնում է նաև Հայաստանին։

Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը նախ անդրադառնում է 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ հղում տալով ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ առաքելությանը հաղորդված վստահելի տվյալներին, որոնք վերաբերում են հօգուտ իշխող կուսակցության կատարված ընտրակեղծիքներին (ընտրակաշառքներ, մասնավոր և պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ)։ Այնուհետև զեկույցը անդրադառնում է նաև ՀՀ-ում մարդու իրավունքների շուրջ գոյություն ունեցող մի քանի հիմնական խնդիրների։

Անպատժելիություն

Զեկույցը մատնանշում է 2016թ․ հուլիսին հիմնականում խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից լայնածավալ բռնությունների կիրառման դեպքերի անպատժելիությունը։ Թեև բազմաթիվ ցուցարարների դեմ հարուցվել են քրեական գործեր՝ իբրև թե հասարակական կարգը խախտելու և այլ հանցագործությունների մեղադրանքով, սակայն ոստիկանության պաշտոնյաները մնացել են անպատիժ։

Ոչ արդարացի դատավարություններ

Ըստ զեկույցի՝ 2016թ․ հուլիսին ՊՊԾ գնդի գրավման համար ձերբակալված անհատների դատավարությունների ընթացքում իրավապահների կողմից անհարկի բռնություն է կիրառվել ոչ միայն մեղադրյալների նկատմամբ, այլ նաև նրանց իրավապաշտպանների հանդեպ։ Մասնավորապես, Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը և այլ դատապաշտպաններ զեկուցել են, որ ազատազրկման վայրի վարչակազմն արգելել է նրանց այցելել մեղադրյալներին և գաղտնի խորհրդակցություններ անցկացնել, ինչպես նաև անօրինական կերպով ոչնչացրել են դատական գործերին կից որոշ ապացույցներ։

Զեկույցը նաև հիշատակել է 2017թ. հունիսի 28-ին «Սասնա ծռեր» խմբավորման հինգ անդամներին դատարանի նկուղում ծեծի ենթարկելու դեպքը (որից հետո նրանց վրա մնացել են կապտուկներ և բռնության այլ հետքեր)։ Ըստ զեկույցի՝ տարվա վերջում դատապաշտպանների դեմ ոտնձգությունների և բռնությունների վերաբերյալ հետաքննությունները դեռ շարունակվում էին։

Իրավապաշտպաններ

2017թ․ հունվարին սկսվեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Մարինա Պողոսյանի դեմ դատավարությունը։ Մարինա Պողոսյանը կոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության և վաշխառության դեմ պայքարող իրավապաշտպան է։ Նա մեղադրվում է դրամաշորթության մեջ։

Խոսքի ազատություն

Զեկույցը անդրադառնում է նաև ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների և մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում լրագրողների դեմ կիրառված բռնության առանձին դեպքերին։ Այսպես, օրինակ, հիշատակվում է ապրիլի 2-ին Կոնդ թաղամասում Հանրապետական կուսակցության շտաբում ընտրակաշառքի փաստը հետաքննող երկու լրագրողներին ծեծելու դեպքը։

Զեկույցը նաև մատնանշում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների տնտեսական, սոցիալական և մշակութային վիճակի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728