Արցախում զոհված զինծառայող, Ախուրյանի բնակիչ Գրիգոր Եղոյանի մարմինը եկեղեցի տեղափոխելու ու եկեղեցական կարգով հուղարկավորելու շուրջ բարձրացված աղմուկը կարծես չի հանդարտվում․ համացանցում շարունակվում են թեժ քննարկումները։
Օրինակ՝ օգտատերերից Զոհրապ Եգանյանն այն կարծիքն է, որ «բանակ գնացած տղեքն արդեն մկրտված են, Հայրենիքի համար զոհված մարդը Սրբերի դասում է»։ Սակայն, ըստ օգտատիրոջ, Միքայել Սրբազանին չպետք է քննադատել, քանի որ կարգն է այդպիսին, ու հոգևոր խորհուրդը ճիշտ կանի փոխի կարգերը։
«Վարդանանքի բոլոր մասնակիցներին սրբացրին, ո՞րն է տարբերությունը»- հարցնում է Զոհրապ Եգանյանը, որին Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանում է․ «Տարբերությունը շատ մեծ է: Վարդանանց պատերազմից առաջ բոլոր չմկրտվածներին մկրտեցին և Ս. Հաղորդություն տվեցին (տես Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները Երվանդ Տեր-Մինասյանի, Երևան, 1994, էջ 82-83): Կարդում եմ մարդկանց ստատուսները կամ մեկնաբանությունները և մեկ բան հասկանում, եկեղեցին հսկայական գործ ունի մարդկանց լուսավորելու առումով, ամեն ինչ խառնել են իրար»:
Ըստ Զաքարիա Ծայրագույն վարդապետի, աղմուկի հիմնական պատճառները չիմացությունը և որոշ օգտատերերի կեղծ հայրենասիրությունն են: «Պետք չէ Սրբազանից ավելի հայրենասեր երևալ և անիմաստ է նրան դասեր տալը, քանզի Սրբազանը քաջատեղյակ է Ս. Գրքին, Հայոց Եկեղեցու դավանանքին և մեր Եկեղեցու Կանոնագրքին», գրում է նա։
«Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող Արշակ Զաքարյանն էլ հակադարձում է․ «Ուրեմն եկեք չհարգենք բանակ գնացած եզդուն, հեթանոսին կամ այլ դավանանքի զինվորին, և հակառակ նրանց և հարազատների կամքին ու ցանկության՝ բոլորին թաղենք Հայ Առաքելական Եկեղեցու օրենքներով: Այդպես է դուրս գալիս.. Զինվորին կյանք տվողը ցանկացել է չկնքել իր որդուն Հայ Առաքելական Եկեղեցում, և չի կարելի վիրավորել նրա ազատ կամքը, իսկ երեկվա իմ տեսածից ավելի շատ զինվորին կյանք տվողների, գյուղապետն էր ավելի շատ «որոշողը»։
Ախուրյանի բնակիչների վրդովմունքին ի պատասխան՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ երեկ պարզաբանեց, որ Ախուրյանում առաջացած հուզումներից ինքն անտեղյակ է եղել, քանի որ զինվորի մահվան գույժը լսելուն պես՝ ի սկզբանե ինքն է հանձնարարել քահանային պարտադիր ապահովել մարմինը եկեղեցում դնելն ու եկեղեցական արարողությունը, ի սկզբանե հայտնել են, որ նա մկրտված է։ Սակայն, ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, հաջորդ օրը ծնողները, վերադառնալով Հայաստան, ասել են մկրտված չէ, ինքն էլ առաջարկել է բավարարվել քաղաքացիական ծեսով։ Իսկ հուզումների մասին, ըստ Սրբազանի, իմացել է, երբ մոտեցել են եկեղեցուն, այդ ժամանակ խոսել է գյուղապետի հետ՝ ասելով «արեք, ինչ ուզում եք»։
Սրբազանը իր հարցազրույցում շեշտեց, որ զրույցը եղել է քահանայի հետ, մինչդեռ Ախուրյանի գյուղապետն առաջացած հուզումների ժամանակ ասել էր, թե ինքն անձամբ հանդիպել է թեմի առաջնորդի հետ, սակայն վերջինս դարձյալ մերժել է։
Մենք այսօր կապ հաստատեցինք Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ գուցե այս պատմությունն առաջացե՞լ է թյուրըմբռնման հետևանքով։ Ախուրյանի գյուղապետը, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն ներկայացնել։
Նա ասաց․ «Եթե մեր զոհված զինվորի հետ է կապված, ես մեկնաբանություն չեմ տալիս, ծնողները շատ են վիրավորված, հանգիստ չենք տալիս, փոխանակ փառաբանենք, ընկել ենք սաղ երկրով մեկ քննարկում ենք էդ երեխի հարցը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ galatv.am-ի