Արցախյան շարժման գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, հիշելով ղարաբաղյան շարժման տարիները, պատմեց, թե այդ տարիներին խոսելու տարբերակներ էին փնտրում. ծնվեց էկոլոգիական շարժումը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ստամբոլցյանը նշեց. «Ամեն բան խորհրդային միությունում արգելված էր: Արգելված էր Չարենց, Րաֆֆի կարդալ, արևմտահայ գրողներ կային, որ ինչ-որ կուսակցության էին պատկանում, նրանք ևս արգելված էին: Փնտրեցինք, գտանք ձևեր, որ կարողանանք խոսել: Դրանք էկոլոգիական խնդիրներն էին, հուշարձանները: 1985-86 թվականներին սկիզբ առած էկոլոգիական շարժումը բազմաթիվ հարցեր պիտի լուծեր, սակայն ղարաբաղյան շարժումը միանգամից այնպիսի թափ հավաքեց, որ միավորվեցինք»:
Խաչիկ Ստամբոլցյանը պատմեց, որ պուտինյան բանտում շատ բան է հասկացել. «Հասկացա, որ Մոսկվայի քաղբյուրոյում կան այնպիսի ուժեր, որոնք Գորբաչովի գլխավորությամբ ուզում են, որ ԽՍՀՄ-ը քանդվի: Ուժեր էլ կային, որոնք ուզում էին, որ պահպանվի: Որ մեկի կողմը ուժը թեքվում էր, այդ կողմով էլ գնում էր քաղաքականությունը: Սկզբում Յակովլևը, Դալգիխը, նույնիսկ Գորբաչովը հարյուր տոկոսով խոստացել էին, որ անպայման Արցախի հարցը կլուծեն: Հանկարծակի շարժման ժամանակ Գորբաչովը հայտարարեց, որ մենք էքստրեմիստ ենք, այն, ինչ խոստացել էր ղարաբաղցիներին, հակառակ ուղղությամբ գնաց: Բայց շարժումն այնքան էր արդեն ծավալվել, որ Գորբաչովը չէր կարող կանգնեցնել»:
Բնապահպան Կարինե Դանիելյանը հիշեց՝ էկոլոգիական շարժման ժամանակ մի քանի անգամ Օպերայի բակում ելույթ է ունեցել, Ղարաբաղյան շարժման ժամանակ ևս, Մոսկվայի համալսարանում էլ ղարաբաղյան շարժման մասին դասախոսություն է կարդացել. «Այդ պարագայում սպասում էի, որ պիտի որ ինչ- որ հարված գար, բայց դեռ բան չէր եղել: Մոսկվայի ԿԳԲ-ից եկան ինձ մոտ, մոտ երկու ժամ խոսում էին, թե ինչ ենք անում, ինչու ենք անում: Երբ խաչիկ Ստամբոլցյանին ձերբակալեցին, սպասում էի, որ այսօր-վաղը կարող է գան ինձ մոտ: Հայրս գերագույն դատարանի անդամ էր, ասաց՝ տղաները զանգ են տվել ԿԳԲ-ից, ասել՝ մի բան է աղջկադ փրկում, այն, որ Մոսկվայից հրաման կա. ասել են, թե կանանց դեռևս ձեռք մի տվեք»:
Տիկին Դանիելյանն ասաց, որ էկոլոգիական շարժման ժամանակահատվածում տարաձայնություններ կային: Նա մանրամասնեց. «Օրինակ՝ Հակոբը մինչև այժմ ինձ էկոլոգիական շարժման դավաճան է համարում, քանի որ ես կարծում էի, որ պետք է ոսկե միջինը գտնել: Ամեն ինչ փակելու պարագայում դու վնաս ես տալիս: Ես չեմ մասնակցել «Նաիրիտի», ատոմակայանի փակման ցույցերին, քանի որ գտել եմ, որ դա կարող է այնպիսի վնաս բերել, որ մենք կարող ենք խնդիրներ ունենալ: Դրա համար շարժումը երկու թևի բաժանվեց»:
Խաչիկ Ստամբոլցյանն այս առիթով հիշեց. «Երբ Գերագույն խորհրդում դրվեց «Նաիրիտը» գործարկելու հարցը, Վազգեն Մանուկյանն էր վարչապետ: Խնդիրը դրվում էր այնպես, որ գործարկելու պարագայում կարողանանք Ուկրաինայից որոշ սննդամթերքներ տեղափոխել ՀՀ-ում: Գործարանը նախատեսված էր տարեկան 25 հազար տոննա կաուչուկի արտադրության համար, իսկ ԽՍՀՄ-ում երկու անգամ ավելի շատ էին արտադրում: Մենք առաջարկեցինք՝ նախ իր նախատեսված ծրագրի չափ լինի արտադրությունը և զտիչ խողովակներ դրվեն, այդ պայմանով մենք համաձայնեցինք, որ գործարանը գործարկվի, բայց գործարկումն արեցին առանց դրա, և վերջին շրջանում կանալիզացիոն պայթյուն տեղի ունեցավ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ