Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Փետրվար 26,2018 17:24

Սարմեն Ղահրամանյան

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:
Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:                                         Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
Հյուգո

Ու տղան տեսա՜վ, տեսա՜վ, արթմնի տեսավ՝ օգնության ֆոնդերն ու ֆոնդավորված օգնությունները, կարմիր խաչերն ու խաչակրաց արշավանքները, բարեգործական բյուր ընկերություններն ու ընկերություն-ների՝ կոպեկի վերածված բարեգործությունները, ստացվող վարկերն ու լցված-պայթող փորերը, համատարած- սեփականաշնորհված՝ խանութներն ու գործարանները՝ ամեն-ինչը, եւ… հասարակության ինչքն ու կացը: Ճոխ առանձնատներն ու նրանց շվաքի տակ պետությանն ու պետականությանը, եւ անմեղներին խեղճացրած-կորցնող ժամանակը։ Տեսա՜վ՝ պահեստին նստած պահեստապետներին, ու ազատամարտի վիզ ծռած-նվաստացած այրիներին, մարտերում ձեռք-ոտք-առողջություն կորցրած, հանգստացնող դեղի պակասությունից գիշերները ցավից ոռնացող տղաներին ու ինքնասիրահարված-օնանիզմով տառապող-ճամարտակող, անկյալ-անարդյունավետ չինովնիկներին ու օրենսդիրներին: Տեսավ խրոնիկական մուրացկանին եւ հարուստ դառած խրոնիկ-մուրացկանին, շրջված հոտի դեմից քայլող կաղ ոչխարին ու… չտեսների՜ն, չտեսների՜ն: Չտեսների՜ն… որ չեն բավարարվո՜ւմ, չեն բավարարվո՜ւմ, իրենցից զարմացած ու հիացած, դիմացինին անտեսում ու աղքատ իրենց հոգով՝ չեն բավարարվո՜ւմ։ Հափռո՜ւմ, ուտո՜ւմ… Ուտո՜ւմ, ու չեն բավարարվո՜ւմ, չեն բավարարվո՜ւմ: Սովածին նայում ու չեն հավատում: Սովածին նայում ու չեն հասկանում: Չեն հասկանում: Սոված իրենց հոգով-հալով՝ սովածներին չե՜ն հասկանում։ Չեն հասկանում ու չե՛ն ուզում հասկանալ: Չե՛ն ուզում հասկանալ: Ու տղան ակամա խոսքերը հիշեց, խոսքերը հիշեց դասականի.

– Տեսավ ուտում են ամենքն-ամենքին…

Եւ տղան մտածեց, հեռակա կարգով մտածեց, որ՝ ստեղից-ընդեղից թխված-տարբեր առոգանությամբ-նույն բաներն ասող՝ բյուր-կուսակցություննե՞րն են մեղավորը, մեկ հոգուց կազմված, եւ հարյուր-հազարավորներից կազմված, սակայն հիմքում փուչ, Մարդ-կուսակցություննե՞րն են մեղավորը: Էս բոստանն իմն է՝ ե՛ս եմ չափարել, ու ե՞ս եմ որոշելու, թե հարազատ-Հայրենիք-երկրում ով կապրի. լա՞վ բան է կլեւրետ լինելը։ Ու տղան մտածեց՝ միմյանց կասկածելու ու փնովելու մեխանիզմը ո՞վ մտցրեց։ Հայը՝ հայ է, բայց կուսակցական հայը՝ վա՞յ-հայն է։ Ու հայը հային՝ գա՞յլ է, թե՝ բարեկամ։ Միակամ լինելո՞ւ ենք, թե դարերով իրար քարոզելու ենք, որ միակամ պիտի լինենք։ Եւ երեք միլիոնից ինչո՞ւ չենք ավելանում այս քարքարոտ հողում։ Ինչո՞ւ չենք ավելանում: Դիմացինս այդ խելքը չունի ու ե՞ս եմ միշտ խելացին։ Բանսարկուն հե՞տ է շողոմ-ախպերներից։ Նեղ պահերին բանսարկո՞ւն, թե՝ շողոմ-ախպերներն են առաջին հարվածը տալիս։ Իրար խաղեր տալուց՝ ինչո՞ւ ենք մեր ուժը իզուր կիսատում-վատնում-փոշիացնում. եւ ոմանք ի՞նչ են տեսել, որ տեսածներին ու աչքը կուշտերին սովորեցնելու-իրենց հարմարեցնելու անհավես-հետեւողական ու եռանդուն ճիգեր են թափում։ Ու ոմանք ի՞նչ են տեսել: Եւ հիմա ո՞ւր են հասել: Ու հասնելուց հետո, ո՞ւմ են փնովում եւ ինչո՞վ են զբաղված: Ու մարդիկ՝ կռվի, մութ ու ցրտի ժամանակ դոշ տվել-կանգնել, բայց… խաղաղ պայմաններում… գլխին այլեւս կարկուտի նման թափվող սովն ու մութն ու ցուրտը ու արկերը չկան, չկան այլեւս, բայց… ինչո՞ւ են գնում: Ինչո՞ւ են գնում. շարան-շարան, իրար ձեռք բռնած, իրարից խռոված… Գնում են մարդիկ: Գնում են մարդիկ: Ինչի՞ց, ումի՞ց: Գնում են մարդիկ: Գնում են մարդիկ:

Ու տղան հեռակա կարգով մտածեց ու տեսավ, որ մարդիկ, նախ եւ առաջինը,՝ գնում են վերարժեւորված-մթնված միջավայրից. երբ ամեն-ինչ իրար է խառնվել, եւ այդպիսի միջավայրում մեկ-մեկու չեն հանդուրժում-չեն հասկանում: Ու ելքը փախուստն է. դեպի Որոշակիություն: Եւ ելքը փախուստն է իրարից, թեկուզ՝ ժամանակավորապես, երբ՝ «ամեն-ինչ իր տեղը կընկնի». «երբ կուսակցականությամբ» եւ «այլ պայմաններով» դրդված-պայմանավորված՝ «վերեւի մի շարք համբալներ» բազկաթոռներին չեն նստի իբրեւ թե ներքեւինների ճակատագրով «մտահոգված», իսկ «ներքեւի մի շարք համբալներ»՝ «ժամանակի հետ ու ժամանակի մեջ՝ իրենք-իրենց կճանաչեն, եւ իրենք-իրենց տեղը կճանաչեն»:

Գնում են եւ՝ պինդ-պիտակավորված-դեմներն՝ «Արգելք» դրած-պահած ՝ «շատ մաքուրները»: Որ՝ արդար են, մաքուր են, ազնիվ են եւ սրտացավ են՝ թե Հայրենիքի չորացած քոլի, թե ամեն ինչի համար: Որ զզվում են կաշառք տալուց-կաշառք վերցնելուց: Որ իրենց արժեքը գիտենալով՝ զզվում են «շղթայի մեջ գտնվող» իրենցից թեկուզ մեկ-երկու քայլ վերեւ կանգնածների պատահաբար բացված դարակներում, հիմարի նման շփոթված-կուչուձիգ անելով, իրենցից ու նույն հիմարներից զզվելով՝ «պայմանավորված ծրարով գումարը» դնել ապուշի ծամածռությամբ. «…Համբա՛լ, ինչքան էլ մեկ-երկու քայլ ինձնից վերեւում, բայց «բաղարջդ» լավ գիտեմ, եւ ձեր գավառամիտ դրվածքի վրա եմ թքել, ու դու ո՞վ ես, եւ էս համընդհանուր-համատարած սովի պայմաններում, էդ ովքե՞ր եք, որ այդպիսի թուրքի քսակով-բարքեր ձեւավորել, ու մեզ՝ մեզանից ու մեր Հայրենիքից զզվեցրել-փախչել եք տալիս. ա՜յ հիմարներ, ա՜յ հիմարներ.  բա մենք այդպիսի՞ պետություն ու պետականություն էինք երազում»:

Գնում են եւ՝ «բանական» ու «բնական» մարդիկ, որ քաղքենի չեն եւ խեղդվում են «մի երկու կոպեկ» ձեռքներն ընկած, իրենցից զարմացած ու շրջապատին չտեսի նման զարմացնել փորձող կիսագրագետ քաղքենիներից: Որ՝ գրքից, թերթից, գիտությունից փախած լինելով, ունեցած փողի քսակներով են իրենք-իրենց եւ շրջապատին գնահատում ու «չափում», եւ շրջապատի զզվանքը «չնկատելով» ու շրջապատի զզվանքին «անտեղյակ», իրենք-իրենց «էլիտա» են անվանում՝ ստեղից-ընդեղից կրկօրինակվող շոուների՝ լավ-մարզված բդերով, լավ-մարզված-հափռող-հաստ պռոշներով իրենք-իրենց «աստղ» երեւակայող որոշ փոշիացած փուչ-ասուպների նման:

Գնում են եւ՝ դիմահարները. որ կոտրվել, դեմքը փոխել չեն ուզում: Խոսքի գինը գնահատող, գործը գնահատող, «հոսող» ժամանակը գնահատող սկզբունքով-գաղափարով խելացիները, որ զզվում են թիկունքում պահված շեղբով դանակներից եւ, որ իրենց արժանիքն իրենց՝ կրթվածության, բազմակողմանի զարգացվածության, անթերի դաստիարակվածության, աշխատասիրության եւ իրենց աշխատանքին՝ սրտացավ-նվիրվածության մեջ են տեսնում, ու… նեղվում են թուրքական ամեն-ինչից ու թուրքական բացված քսակների զորությունից, եւ զերծ են՝ համատարած, արդեն նոր բարքեր դարձած՝ շողոքորթությունից, ոտք գցելուց, դիվահարի մուռ հանող նեղմտությունից, «տանել-բերելուց». «սուկա նա սուկե սիդիտ»՝ «սուկա» դառնալուց, ոխերիմ միջակին յուրահատուկ-գլխակերի-ուրիշի տուն քանդելուց, դեմքը փոխվելուց, փայփայված արժանապատվությունը կոխկրտվելուց, «շղթայի»՝ կոտրված, ժանգոտ, անիմաստ «օղակ» դառնալուց…

Գնում են եւ՝ բոլո՜ր ժամանակների… թափառող գնչուների նըման՝ կանչող-բաց ճանապարհներն ու ազատ քամիները սիրող խոպանչիները, որ բոլո՜ր ժամանակների համար հաստատուն թիվ են, ու ազգի նշանակարի վրա երբեք դեր չեն ունեցել: Եւ արդյո՞ք դրա համար չէ, որ «միամիտ» ձեւանալով, միայն սրանց են մատնացույց անում անընդհատ. «…խոպանչիներն են գնում… բոլո՜ր ժամանակների…»:

Գնում են եւ… նույն հոգնած դեմքերն անընդհատ տեսնողները, որ գիշերներն էլ են ցավագար վեր թռչում «իրենց պայծա՜ռ երազների վրա»՝  վրա եկող «կրկնվող»-նույն դեմքերից՝ դիմադիր, թե՝ ընդդիմադիր, դիմադիր, թե՝ ընդդիմադիր: Եւ՝ մեկը պահանջում է փրփրած դեմքով, մյուսը… սավառնում է ալարկոտ տեսքով, երրորդը գիշերանոթի վրա քնած է նույն անվրդով տեսքով…

Ու տղան… տեսա՜վ… հեռակա կարգով տեսա՜վ… ու… մտածեց, մտածեց… Քսա՜ն տարի… Քսա՜ն տարի. մարդ ինչքա՞ն ապրի, որ մտածածը՝ տեսնի: Քսա՜ն տարի… Պատմության մեջ մեխված-մնացած մեր եւ ուրիշների մի շա՜րք-լա՜վ բանաստեղծների մի ամբո՜ղջ-ավարտո՛ւն կյանք: Մի ամբո՜ղջ-ավարտո՛ւն կյանք: Ուրիշի մի ամբո՜ղջ-ավարտո՛ւն կյանք: Որ Պատմություն է քանդակել ու Պատմության մեջ է մնացել: Որ ապացուցել ու ապացուցել են՝ քսան տարում ամեն-ինչ կարելի է անել: Ամե՜ն ինչ: Եթե հինգ տարում կարելի է կռիվ հաղթել ու մի ամբո՜ղջ-Նոր Պատմություն գրել-Պատմություն ստեղծել արդեն ամբողջ աշխարհի, Ամբո՜ղջ Աշխարհի համար, ապա կորսված այս քսան տարիների համար՝ ինչե՛ր, ինչե՜ր կարելի էր անել խաղաղ գլխով-խաղաղ պայմաններում: Ինչե՜ր կարելի էր անել: Ու տղան մտածեց՝ եւ ինչո՞ւ՝ հաջորդ տաս տարին Մեր Համալսարանը Օքսֆորդ-Սորբոն չսարքել ու Օքսֆորդ-Սորբոնից էլ լավը դարձնել: Ինչո՞՛ւ: Ի՞նչն է խանգարում «խելքների ձեռքը կրակն ընկած բնակչությամբ» էս քարքարոտ Երկրին: Ի՞նչը: Ո՞վ: Ովքե՞ր: Ի՞նչը: Ի՞նչն է խանգարում:

/շարունակելի/

Սարմեն Ղահրամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728