Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզում էին «Իգլա»-ն բանակին նվիրել, ինչո՞ւ էին այն ցանկանում Ղարաբաղում թաքցնել հողի մեջ». դատախազ

Փետրվար 26,2018 16:43

«Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը հիմնավոր է եւ պատճառաբանված, իսկ պաշտպանական կողմի փաստարկները հիմնավոր չեն»,-Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննության ավարտին այսօր նման դիրքորոշում հայտնեց գործով մեղադրող-դատախազ Արամ Արամյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով վեց տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ինչպես նաեւ նրա մարտական ընկերը՝ չորս տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը, պահանջում են բեկանել դատավճիռը եւ արդարացնել իրենց:

Դատախազն անդրադարձավ նախ փողերի լրացման դրվագին՝ ասելով. «Ինտերպոլի պատասխաններով սպառիչ արձանագրվել է, որ հինգ հազար եվրո թղթադրամներն ունեն հանցավոր ծագում՝ հափշտակվել են ինկասացիոն կամ բանկոմատային հափշտակության եղանակով»:

Արամյանն այնուհետեւ նկատեց՝ Սանասար Գաբրիելյանը եւ գործով մյուս մեղադրյալ Արմեն Պողոսյանը նշել են, որ հրաժարվել են «Իգլա» ձեռք բերելուց, եւ, ըստ իրենց, այդ պատճառաբանությամբ իրենց հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. «Սակայն ըստ մեղադրանքի՝ հանցակիցներ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը եւ Հրաչյա Մայիլյանը միահամուռ կերպով ձեռնամուխ են եղել զինամթերքի հայթայթման գործընթացին՝ ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին կատարել են գործողություններ, մեկնել Վրաստան, պայմանավորվածություններ ձեռք բերել: Ապացույցներով փաստված է, որ ռազմամթերքը հայտնվել է հանցակիցների տրամադրության ներքո: Դրա արդյունքում ռազմամթերքը պահվել է Էջմիածնում»:

Ինչ վերաբերում է Սանասար Գաբրիելյանի պնդումներին, թե ցանկացել է «Իգլա» ձեռք բերել՝ բանակին նվիրաբերելու նպատակով, Արամ Արամյանն ընդգծեց. «Անհասկանալի է՝ եթե նման շարժառիթ կար, եւ եթե ցանկանում էին նվիրել, ապա ինչո՞ւ էին հանցակիցները ցանկանում այն տանել Ղարաբաղում թաքցնել հողի մեջ»:

Հավելենք, որ Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կհրապարակի վաղը՝ 12. 00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728