Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաթիաս Քիսլերը ներկայացրել է գերմանական կողմի առաջարկները՝ գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման և հայ-գերմանական կրթական համագործակցության ընդլայնման ուղղությամբ

Փետրվար 26,2018 16:39

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի և ՀՀ-ում գերմաներեն լեզվի զարգացման աշխատանքային խմբի հետ, որտեղ ներգրավված են Հայաստանում գործող գերմանական մասնագիտական կազմակերպությունների՝ Գյոթեի անվան ինստիտուտի, Գերմանիայի արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA) և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան աջակցությամբ մշակված Հայաստանի Հանրապետության դպրոցներում գերմաներենի զարգացումը խթանելու առաջարկները: Շնորհակալություն հայտնելով դեսպանին համագործակցության համար՝ ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների զարգացման համատեքստում նախարարությունը կարևորում է միջազգային շահագրգիռ գործընկերների փորձագիտական, մեթոդական և գործնական աջակցությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Մաթիաս Քիսլերը ներկայացրել է գերմանական կողմի առաջարկները՝ գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման և հայ-գերմանական կրթական համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Ներկայումս Հայաստանի 7 դպրոցներ, որպես գերմաներենի խորացված դպրոցների ցանցում (PASCH) ընդգրկվածներ, աջակցություն են ստանում Գերմանիայի կողմից: Նշված դպրոցներից 5-ը Գերմաներենի լեզվական դիպլոմ DSD ծրագրում են ընդգրկված, իսկ Երևանի թիվ 119 դպրոցը ծրագրի ավարտին շրջանավարտներին տրամադրում է DSD-2 լեզվական իմացության դիպլոմ: Գերմանական կողմն առաջարկում է ավելացնել DSD լեզվական իմացության դիպլոմի ծրագրով լեզվի ուսուցում կազմակերպող դպրոցների թիվը ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում՝ մասնավորապես Շիրակի մարզկենտրոն Գյումրիում: Այս համատեքստում անդրադարձ է եղել դպրոցների ընտրության չափանիշներին. գերմանական կողմը հետաքրքրված է հատկապես ֆիզմաթ և բնագիտական թեքում ունեցող դպրոցներով:

Նշվել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի ավագ դպրոցների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների Գերմանիայի բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը` DSD-2 լեզվական իմացության դիպլոմի առկայության պարագայում: Անդրադարձ է եղել նաև DSD- 2 լեզվական իմացության դիպլոմը Հայաստանի բուհերի ընդունելության համակարգում ներառելու հարցին:

Գերմաներենի զարգացման հայեցակարգի համատեքստում կարևորվել են նաև գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը, որոնք իրականացվում են Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից:

Ընդգծելով, որ ներկայացված առաջարկների հիմնական մոտեցումներն ընդունելի են, նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է  Գերմանիայի կողմից միայն լեզվի իմացության հավաստումն ունենալու դեպքում Հայաստանի ավագ դպրոցների կրթական աստիճանը ճանաչելու պատրաստակամությունը, որը խթանող գնահատական է Հայաստանի կրթական բարեփոխումների ճանապարհին:

Նախարար Մկրտչյանը կարևորել է նաև գերմաներեն լեզվի տարածումը միջին մասնագիտական կրթության ոլորտում՝ հաշվի առնելով, որ զուգահեռաբար ընթանում է գերմանական դուալ կրթության համակարգը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու գործընթացը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերին, քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728