Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում կազմվել է 7 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը ինչպես ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի կանխարգելման, այնպես էլ, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու, բետոնախառնիչ ավտոմեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու և շինհրապարակների պատշաճ կահավորումն ապահովելու ուղղությամբ։
Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 35 վարչական արձանագրություն:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 15 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շարունակել այս ուղղությամբ խստացված հսկողությունն ու հատկապես ոչ աշխատանքային ժամերին և հանգստյան օրերին կազմակերպել շրջայցեր՝ համանման դեպքերը վերացնելու նպատակով:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը կվերահսկի մարտի 1-ից մեկնարկող Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքների ընթացքը: Քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել նաև անձրևընդունիչ համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով իրականացվող մաքրման գործընթացի նկատմամբ՝ օպերատիվ ապահովելով հեղեղատարներից դուրս բերված կուտակումները փողոցներից արագ հեռացնելու աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն