Օրերս ԱԺ-ում «Ելքի» նախագծի՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ պետք է հարկային բեռը թողնեն խոշոր տնտեսվարողների վրա, ոչ թե խեղճ սպառողների: Ըստ նրա, չպետք է թողնել, որ խոշոր տնտեսվարողներն ավելի շատ մտնեն ստվեր: Նա ասաց, որ պետք է հետեւել՝ «Երեւան սիթիի» եւ ՍԱՍ սուպերմարկետների հազարավոր աշխատողները գրանցվա՞ծ են, նրանց աշխատավարձը ճի՞շտ է արձանագրված, հարկվո՞ւմ է. «Եթե մեկն ունի բարեկամ, հարազատ, ծանոթ այնտեղ, կփաստվի, որ` ոչ: Եթե բյուջե են ուզում լցնել հարկերի միջոցով, դա պետք է բոլորի վրա տարածել, ոչ թե առանձին խմբերի»:
Այս առնչությամբ ֆեյսբուքում հավանաբար սույն սուպերմարկետների տերերի աջակիցները քննարկում էին ծավալել, թե Մանե Թանդիլյանը օդի մեջ է խոսում, թող փաստեր բերի, անուններով եւ հստակ օրինակներով ասի, այդպես ով էլ ասես՝ օդի մեջ կհայտարարի: Aravot.am-ի հետ զրույցում Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Իսկ դրանից ավելի հստակ՝ տնտեսվարողին մատնանշելու կա՞: Իհարկե, դա բոլոր աշխատողներին վերաբերվում է»:
Մեր դիտարկմանը, որ երբ տնտեսվարողին մատնացույց են անում, ասենք՝ «Երեւան սիթիի» հետ կապված Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ ինքը հարկեր չի թաքցնում, օրինական աշխատում է եւ աշխատողներին էլ գրանցում է՝ Թանդիլյանը պատասխանեց. «Իհարկե, նա այդպես պետք է ասի: Դրա համար էլ ես խոսեցի հարկային մարմինների հետ: Նրանց ասացի՝ դուք գիտեք, որ դա այդպես է, իսկ դա գիտեն բոլորը: Եթե դուք ունեք ընկերներ այդ սուպերմարկետներում աշխատող, իսկ իրենք շատ են, բոլորն իրենց ծանոթ են, բոլորը գիտեն, որ դա այդպես է: Այսինքն, բերել կոնկրետ մարդու օրինակով տեղին չէ, ոչ էլ մեկ հոգու մասին է խոսքը: Դա ամբողջ տնտեսվարողների մասին է: Հարկային մարմինները ունեն այդ լծակները, գիտեն տեղերը: Ես շատ հետեւողական եմ այդ առումով, ես միշտ շեշտում եմ, որ մեր երկրում չկա ստվեր, մեր երկրում կան հարկ վճարողներ, ում կարելի է եւ չվճարողներ, ում էլի կարելի է: Այն մարդիկ, որոնք հարկ են վճարում, նրանք չեն կարող մի դրամ անգամ ինչ-որ ձեւ չվճարել: Հարկային լծակներն ու վարչարարությունն այնպիսին է, որ յուրաքանչյուրը հայտնաբերվում է շատ արագ: Մեր երկիրը փոքր է, մեկը մյուսին ճանաչում է, այսինքն, այստեղ չկա խնդիր, եթե հարկայինը ցանկություն ունենա, որոշում ունենան բացահայտելու, գրանցելու բոլոր աշխատողներին, այդտեղ որեւէ խնդիր չեն կարող ունենալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ