Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞նց կարող ենք մի երկրում, որտեղ Շմայս կա, բռնություն կա, ստեղծել iphone. Մանե Թանդիլյանի հարցադրումը

Փետրվար 26,2018 16:13

Օրերս Երեւանի ավագանիում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, զանգահարել էր «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին եւ իր հայտնած տեսակետի համար սպառնացել ֆիզիկական հաշվեհարդար տեսնել:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ելք» խմբակցության ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցնելով վերջին շրջանում եւ ավագանիում, ե՛ւ ԱԺ-ում որոշ ՀՀԿ-ականների, օրինակ, Արտաշես Գեղամյանի պահվածքը, ասաց. «Ազգային  ժողովում, երբ մենք նախաձեռնեցինք էթիկայի հանձնաժողով ստեղծել, դա ուներ հենց այն նպատակը, որպեսզի որեւէ մեկը, ում մտքով կանցնի նման վարք դրսեւորել, իմանա, որ լինելու է վատ հետեւանք, թեկուզ հանրային պարսավանք: Ավագանու պարագայում իրավական խնդիր կա, այդ խնդիրները պետք է լուծվեն իրավական ճանապարհով: Պետք է մարդիկ հասկանան, որ բռնությունը հարցերի լուծման ճանապարհը չէ, բռնությունը երբեք արդյունք չի տալու կամ չի ստեղծելու այն պետությունը, որտեղ ես եւ դուք ուզում ենք ապրել, որովհետեւ սա սխալ, ձախողված ճանապարհ է: Չի կարող նման ձեւով ստեղծվել այնպիսի պետություն, որտեղ կարելի է ստեղծագործել, կարելի է iphone ստեղծել: Իրականում միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, մենք պետք է ստեղծենք այնպիսին, որ  սա լինի խոսքի, կարծիքի, մտքի ազատ արտահայտման, հանուրժողականության մթնոլորտ, իսկ եթե դա տեղի է ունենում ԱԺ-ում կամ ավագանիում, ինչո՞ւ ենք մենք զարմանում, թե փողոցներում մեզ մոտ ինչ է տեղի ունենում: Այդ օրինակը պետք է տան քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր հանրային ընկալում ունեն, հանրային դեմք են»:

Մեր դիտարկմանը, որ, օրինակ, Առաքել Մովսիսյանն արդեն պատգամավոր չի եւ իրեն էթիկայի հանձնաժողովով էլ հնարավոր չէ կաշկանդել՝ Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Նա պատգամավոր չէ, բայց իշխող ՀՀԿ կուսակցության խորհրդի անդամ է եւ սա պետք է նաեւ զսպող օղակ լիներ իր համար, բայց ես տեսնում եմ, որ ՀՀԿ-ում դա ոչ միայն չի զսպվում, այլեւ քաջալերվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728