Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցվել է պոչամբարի խնդիրների պատճառով». Լևոն Գալստյան

Փետրվար 26,2018 16:12

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի տեղեկացմամբ՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցվել է պոչամբարի խնդիրների պատճառով:

«Հոդված 3» ակումբում  հրավիրված քննարկմանը պարոն Գալստյանը հայտարարեց՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ պատասխանատու հանքարդյունաբերություն կոչվող միֆն անիրագործելի է մանավանդ ՀՀ պայմաններում. «Ցավոք, այսօր մենք ունենք տարբեր շրջանառվող լուրեր, բայց չունեք փաստացի, հստակ տեղեկություն շահագործող ընկերությունից և պետական կառույցներից:  Նրանց բոլոր հայտարարություններն էժանագին մանիպուլյացիաներ են, որոնք ոչ մի ձև խնդիրը չեն բնութագրում»:

Անդրադառնալով իրենց կատարած հետազոտություններին՝ պարոն Գալստյանը վստահեցրեց՝ տնտեսական հարցերից կարևոր է պոչամբարի խնդիրը. «Թեղուտի շահագործումը դադարեցվել է պոչամբարի պատվարի կայունության խնդրի պատճառով: Դա ոչ թե պետք է դիտարկել պետական մարմինների հայտարարություններից ելնելով, այլ լրջագույն ուսումնասիրությունների արդյունքում: Պոչամբարի պատվարի վրա ճաք լինելը նշանակում է տեխնածին աղետի պահն է գալիս: Հասկանում ենք, որ հենց այս պատճառով էլ ընկերությունը դադարեցրել է հանքի շահագործումը, քանի որ յուրաքանչյուր պահ պոչամբարը կարող է քանդվել»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Ռաֆայել Աֆրիկյանը կասկածի տակ դրեց՝ ինչպես կարող է 30 միլիոն դոլարանոց ծրագրի դեպքում ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունենալ: Նա տեղեկացրեց, որ եղել են տեղում ու նկարահանումներ կատարել. «Տեղում նկարահանեցինք հանքն ու պոչամբարը: Հանքն իրոք չէր շահագործվում, պոչամբարի պարագայում Ախթալայի պոչամբարից վտակը թափվում է Դեբեդ գետը: Տեղում զանգեցինք տեսչություն, նրանք պնդեցին, որ պոչամբարից հոսքը կասեցրել են, մինչդեռ մենք տեղում համոզվեցինք, որ կասեցված չէ»:

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը բարձրացրեց կոռուպցիայի հարցը. «Ըստ փաստաթղթերի՝ պոչամբարի ծավալը 174 միլիոն խմ է, տարեկան 25 միլիոն տոննա է արտահանվել, եթե պայմանագրում նշված է այս ամենը, ապա ո՞նց գնահատենք՝ ինչպե՞ս կարող է լինել մի իրավիճակ, որ պոչամբարի լցվածության, վթարային լինելու պատճառով գործունեություն դադարեցվի: Այս մոտեցումը արժանահավատ չէ: Կամ պոչամբարի ծավալներն իրականում ավելի փոքր են կամ արդյունահանման ծավալները խելագար աստիճանով շատ են եղել: Ինչ-որ բան ճիշտ չէ այս թվերի մեջ»:

ՀՀ ԱԺ Ելք խմբակցության անդամ, պատգամավոր Լենա Նազարյանն էլ արծարծեց հանրության իրազեկվածության հարցը: Նա հայտարարեց. «Եթե կա բնապահպանական խնդիր, հանրությունը պետք է հստակ իմանա՝ ինչ է տեղի ունեցել: Եթե տնտեսական խնդիր է, հանրությունը կրկին պետք է իմանա: Մարդիկ այնտեղ աշխատում են, վարկեր են վերցրել, ի վերջո, Թեղուտը դարձել է հանքարդյունաբերական ավան, որտեղ մարդիկ կախված են հանքարդյունաբերական քմահաճույքներից, ուստի ընկերությունը պարտավոր է տեղյակ պահել՝ ինչ է կատարվում կազմակերպության ներսում»:

Անդրադառնալով Ախթալայում գրանցված իրավիճակին՝ Լենա Նազարյանն ասաց, թե բոլորի աչքի առաջ այնտեղ բնապահպանական հանցագործություն է տեղի ունենում. պոչամբարի արտահոսքերը լցվում են բնակիչների հողամասեր:

Հարցին՝ ի՞նչ կարող են անել ԵԼՔ խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում այս խնդիրների լուծման համար, Լենա Նազարյանը պատասխանեց. «ԱԺ-ն կարող է շատ բան անել, բայց չի անում: Ուզում էին ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Բայց նման հանձնաժողով ստեղծելու համար ըստ ԱԺ կանոնակարգի՝ դա արվում է ԱԺ օրենքների, ուղերձների, հայտարարությունների համար, խմբակցությունը կարող է նախաձեռնել, բայց այդտեղ անելու բան չի լինի: Ավելի հարմար է քննիչ հանձնաժողով ստեղծվի, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրել հարցը: Դրա համար անհրաժեշտ է 26 պատգամավորի համաձայնություն, ստորագրություն: Մենք կարող ենք դա նախաձեռնել, բայց մեր ստորագրությունները միայն բավական չեն, մենք ինն ենք: Պետք է դիմենք մյուս խմբակցություններին, եթե համաձայնեն, կստեղծվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728