Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեծ խաղերի մեջ մենք չպետք է մտնենք, կարող ենք դրա տակը մնալ». Սաֆրաստյանը՝ քրդերին Ղարաբաղ բերելու եւ նրանց օգնելու մասին

Փետրվար 26,2018 15:49

Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը լրագրողների հարցին՝ Սիրիայում լարվածությունը, թուրքական գործողությունները հաշվի առնելով՝ մեր տարածաշրջանում Թուրքիայի ներգրավվածությունը ինչպիսի՞ն կլինի, դա ինչպե՞ս կանդրադառնա մեր տարածաշրջանի, հատկապես Ադրբեջանի վրա՝ պատասխանեց. «Այս պահին Թուրքիան մխրճվել է սիրիական ճգնաժամի մեջ: Ես չեմ կարծում, որ թուրքական դիվանագիտությունը, թուրքական գլխավոր շտաբը այս պայմաններում որոշակի ակտիվություն ցուցաբերի նաեւ Հարավային Կովկասում: Չի կարելի բացառել, որ Թուրքիան կփորձի օգտագործել նաեւ Ադրբեջանը, որպես իր ազդեցության տակ գտնվող գործոն, որ սրի իրադրությունը Հարավային Կովկասում եւ շեղի ուշադրությունը Սիրիայից: Դա կարող է կապված լինել հակառուսական ինչ-որ խաղերի հետ, դա չի կարելի բացառել: Վերջիվերջո, եթե լայն ստրատեգիական առումով նայենք, սիրիական ճգնաժամն այնքան կարեւոր է, որ կարող է նաեւ հարակից շրջանները ընդգրկել իր մեջ՝ որպես խաղի մի ընդհանուր հարթակ: Բայց ներկա փուլում ես դրա նախապայմանները դեռ չեմ տեսնում»:

Տեսակետներ կան, թե մենք պետք է պաշտպանենք քրդերին, նրանց բերենք Ղարաբաղ, Ստեփանակերտ, իրենց ռազմական փորձով կիսվեն եւ այլն: Սաֆրաստյանն ասաց, որ մենք այդտեղ անելիք չունենք, այդտեղ մեծ խաղացողներն են խառը եւ իրենք են որոշումներ կայացնում. «Այդտեղ խաղացողները մեծ նպատակներ ունեն եւ մենք այդտեղ մտնելու, այն էլ՝ մեր հոժար կամքով, խնդիր չունենք: Մեր հիմնական խնդիրը պետք է լինեն մեր հայրենակիցները: Բերենք նրանց ՀՀ, կամ նրանց օգնենք, իսկ մեծ խաղերի մեջ մենք չպետք է մասնակցենք, որովհետեւ կարող ենք դրա տակը մնալ»:

Անդրադառնալով Իրանին, Սաֆրաստյանն ասաց, որ Իրանը լուրջ դերակատար է Սիրիայում, նաեւ Մերձավոր Արեւելքում. «Իրանը լուծում է աշխարհաքաղաքական մի կարեւոր խնդիր, հնարավորություն է ստեղծում դուրս գալ դեպի Միջերկրական ծով: Նրանք ամեն ինչ կանեն, որ դա պահեն իրենց ձեռքում: Ռուսներն էլ են շատ կարեւոր նշանակություն տալիս Միջերկրական ծովին: ՌԴ-ի համար կարեւոր է դա՝ որպես ստրատեգիական կարեւոր կենտրոն: Սիրիական հատվածը միջերկրական ծովի իրենց համար շատ կարեւոր է, նրանք ամեն ինչ կանեն, որ այդ հատվածը մնա սիրիացիների ձեռքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728