Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի փորձագետ, հոգեբան Սամվել Խուդոյանի համոզմամբ, այս տարվա մարտի 1-ից Հայաստանում գրանցված դեղորայքի 85 %-ը դեղատոմսերով բաց թողելու մասին կառավարության որոշումը պետական բիզնես ծրագիր է՝ կոռուպցիոն ռիսկերով:
«Դեղորայքի դիմաց վճարելուց բացի, հիվանդը պետք է վճարի նաև բժիշկներին: Սոցիալապես անապահով ազգաբնակչության համար սա լուրջ խնդիր է: Մարդուն զրկում են ընտրության իրավունքից, ասում են՝ պիտի գնաս բժշկին փող տաս, չէ՝ գնա մեռի»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Խուդոյանը:
Ըստ նրա՝ դեղատոմսերի վաճառքից առաջացած գումարները գնալու են անհատների գրպաններ. «Բացի այդ, օրինակ՝ խրոնիկ հիվանդները, երբ տարիներ շարունակ նույն դեղորայքն են օգտագործել, այսօր ինչ իմաստ ունի նույն դեղը ստանալու համար լրացուցիչ այցելեն բժշկի»:
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Ռուբեն Հայթյանն էլ կառավարության որոշումը միջազգային կառույցների ճնշումների արդյունք է համարում. «Առողջապահական, կրթական համակարգերի հանդեպ վստահություն չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ