«Քաղաքական գործընթացները մեծ հարված ստացան, երբ տեղի ունեցավ թուրքական ագրեսիան՝ Սիրիայի դեմ: Դա բացարձակ ագրեսիա է, ցավոք, աշխարհն աչքերը փակեց այդ ագրեսիայի վրա, մենք չտեսանք որեւիցե լուրջ դատապարտում թուրքական այդ գործողություններին ո՛չ խոշոր երկրների կողմից, ո՛չ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների»,- այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում այսպիսի կարծիք հայտնեց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա ասաց, որ Սիրիայում իրադրության զարգացման մեջ դրական միտումներ է տեսնում, մասնավորապես, այն, որ հաջողվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում միաձայն ընդունել բանաձեւ՝ մեկ ամսով դադարեցնելու ռազմական գործողությունները: Սա նշանակում է, որ երկրների միջեւ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների եւ հիմնական խաղացողների միջեւ Սիրիայում ձեռք է բերվել որոշակի համաձայնություն: Սա ըստ Սաֆրաստյանի, հուսադրող է. «Դեռ մի քանի շաբաթ առաջ նշել էի, որ կարծես ամերիկյան եւ ռուսական կողմերը կարողանում են որոշ առումով համաձայնության գալ եւ պահպանել համաձայնությունը: Սկսում է գործել կարմիր գծերի դիվանագիտությունը Սիրիայում; Որոշակի շրջանակներում հիմնական խաղացողներին հնարավորություն են ստեղծում իրենց նպատակներն իրականացնել, բայց կարմիր գիծ են դնում, այդ գիծը չպետք է անցնել: Եթե կարմիր գիծն անցնում են, ապա տեղի են ունենում զինված բախումներ: Օրինակ, կարմիր գիծն անցան՝ կապված Իսրայելի ինքնաթիռի կործանման հետ: Դրական լիցքեր է հաղորդում նաեւ այն, որ կարմիր գծերը անցան, հարվածներ հասցրեցին մեկը մյուսին, բայց կանգ առան: Լարվածության թեժացումը կանգ առավ, սա նշանակում է, որ որոշակի համաձայնությունների հնարավորություն կա: Բարի կամքը տարբեր կողմերի միջեւ ակնհայտ է: Ակնհայտ է, որ կողմերը ձգտում են հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Թուրքիայի այդ օկուպացիան էր, որ ընդհանուր միտումը խախտեց, բայց կարծես թե հնարավորություն դեռեւս կա այս ագրեսիան որոշակի շրջանակների մեջ պահելու: Թուրքերը բացահայտ հայտարարել են, ամենաբարձր մակարդակով ասել են, որ հաջորդ հարվածը նրանք հասնելու են Մանբիջի ուղղությամբ: Բայց որոշակի հույս կա, մանավանդ Էրդողանի եւ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, որ կոմպրոմիսային տարբերակ կգտնեն: Հնարավոր է փոխարինվի ուղղությունը»
Սաֆրաստյանը նաեւ նշեց,որ որոշակի կոմպրոմիսների խնդիրը հիմա իջեցվել է մեկ մակարդակ ավելի ցածր, համատեղ խառը խմբերով բանակցություններ են տեղի ունենում Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ: Սպասվում է, որ մինչեւ մարտի կեսերը այդ խմբեր միջեւ բանակցությունները կավարտվեն, եթե հաջողությամբ ավարտվեն, որոշումներ կընդունվեն ավելի բարձր մակարդակով: Մինչեւ մարտի կեսերը հնարավոր է Թուրքիայի ագրեսիան կանգնեցվի Սիրիայի նկատմամբ. «Թուրքիայի վերջական նպատակն է, բացահայտ հայտարարել են, ստեղծել 30 կմ խորք դեպի Սիրիայի տարածք, ողջ սահմանով մեկ այսպես կոչված անվտանգության գոտի, որը ենթադրում է 20-25 հազար կմ տարածք, այդ տարածությունը դարձնել անմարդաբնակ, կամ ոչնչացնել կամ տեղահանել քրդական բնակչությանը: Եթե սա լինի, մենք 21-րդ դարում կտեսնենք թուրքական հերթական ցեղասպան քաղաքականությանը: Հույս ունենք, որ դրան չի հասնի:
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ ըստ էության հիմա քրդերը օգտագործվում են ԱՄՆ-ի կողմից. «Մտավախություն ունեմ, որ հերթական անգամ ամերիկացիները քրդերին կդնեն առեւտրի սեղանի վրա: Որոշակի կոմպրոմիս, որ կարող է ձեռք բերվել թուրքերի եւ ամերիկացիների միջեւ, դա կարող է ձեռք բերվել քրդերի հաշվին: Քրդական շրջանակները արդեն սկսում են դժգոհություն հայտնել ամերիկացիներից, իրենք զգում են, որ հերթական անգամ իրենց կարող են առեւտրի առարկա դարձնել»:
Սաֆրաստյանն ասաց, որ նաեւ ռուսներն ունեն իրենց կապերը քրդերի հետ եւ ՌԴ-ն կօգտագործի իր ձեռք բերած հեղինակությունը Սիրիայում՝ քրդերին իր նպատակներին օգտագործելու համար:
Ըստ թուրքագետի, հնարավոր կլինի գոնե քրդերի մի մասին ավելի կապել սիրիական կառավարության հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ