Ինչո՞ւ մասնավոր ընկերությունը կարող է մշակութային հուշանվերների շատ լավ կազմակերպված և արդյունավետ վաճառք ունենալ, իսկ պետության ֆինանսական աջակցությունն ի վերուստ ունեցող հաստատությունները՝ ոչ. այս հարցը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր ուղղեց խորհրդակցության մասնակիցներին՝ ավելացնելով.
«Պետական գումարը պետք է այնպես կառավարենք, որ պետությունը դրանից առավելագույն օգուտը ստանա՝ դրանով մյուս կողմից առավելագույնս հանրահռչակելով մեր մշակույթը»։
Նախարարի հանձնարարականը վերաբերում է Հայաստանի պետական թանգարաններում և մի քանի թատրոներում, համերգասրահներում հուշանվերների վաճառքը պատշաճ կազմակերպելուց բացի, նրանց միջև ցանց ստեղծելուն։ Այսինքն, որպեսզի մշակութային պետական հաստատությունները ոչ միայն ձևավորեն հուշանվերային արտադրության իրենց ծրագրերը, ոչ միայն դրանց վաճառքի համար պայմաններ ստեղծեն, այլև վաճառեն մեկը-մյուսի հուշանվերները ևս։
Մի շարք թանգարաններում արդեն իսկ գործում են հուշանվերների վաճառքի կետերը։ Առաջիկայում նրանց միջև համագործակցություն կհաստատվի։ Շուտով այդպիսի կետեր կստեղծվեն նաև Օպերային թատրոնում և Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Դեռևս քննարկման փուլում է Սունդուկյանի անվան թատրոնում հուշանվերների վաճառքի կետ հիմնելու ժամկետի հարցը։
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրություն
Լուսանկարը՝ Վահրամ Մոսինյանի