«Ճկունությունը մեր օրենքի գլխավոր գաղափարախոսությունն է, որպեսզի ապահովենք նոր որակի կրթություն»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանն`անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին:
Հիշեցնենք, այս թեմայով վերջերս խորհրդարանում լսումներ էլ եղան եւ բուռն բանավեճեր ծավալվեցին:
Այս օրենքն, ըստ Ռուզաննա Մուրադյանի, բարեփոխումների նոր աստիճան է, որի հաջողության դեպքում կունենանք կրթության առաջընթացի արդյունք: «Երկրի զարգացման հենքը կրթությունն է ու գիտությունը: Ուստի, անկախ կուսակցական պատկանելիությունից, բոլորս պետք է շահագրգիռ լինենք այս փոփոխություններով»:
Ռուզաննա Մուրադյանն ասում է`այս նախագծի հիմքում դրված են այն երեք հիմնական բաղադրիչները, որոնք նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներն են. կրթությունը պետք է լինի ճկուն, շարժունակ եւ աշխարհում կատարվող փոփոխություններին համարժեք արձագանքելու ունակ:
Պատգամավորը կողմ է կրթության կառավարման համակարգի փոփոխությանը`նաեւ վարչական հատվածի: Նկատում է`կան, այսպես կոչված, վերացող մասնագիտություններ, որոնք զարգացմանը զուգահեռ դուրս են գալիս եւ կան մասնագիտություններ, որոնք նոր են մտնում մեր կենցաղ: «Այլեւս դուրս է գալիս մեխանիզմը, որ բոլոր երկրներում ուսանողը վճարում է, որ սովորի, իսկ մեզ մոտ վճարում է, որ չսովորի»,- ասաց բանախոսը:
ԲՈՒՀ-երի վարչական համակարգում կատարվող փոփոխությունների մասին` շուտով տեսանյութում
Ռուզաննա Մուրադյանը կարեւոր է համարում նաեւ ԲՈՒՀ-երին հնարավորություն տալ կատարել օրենքի դրույթները. «Մենք չպետք է ցավոտ նայենք փոփոխություններին, բայց ցավոտ հարցերին լուծումներ պետք է տանք: Հիմա ճիշտ ժամանակն է, որ հանրության շրջանում քննարկումներ լինեն, որպեսզի օրենքի`ուժի մեջ մտնելուց հետո, չսկսենք անընդհատ բողոքել»:
Տիկին Մուրադյանն առաջարկում է նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի ատեստավորման հարցերը անընդհատ դարձնել եւ ուսանողների համար ավելացնել հետազոտական ծրագրերը. «Ուսանողին պետք է սովորեցնենք հետազոտել»: Նաեւ`ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներում ուսանողների ներկայությունն ավելացնել` ի հաշիվ գործարարներին տրվող 30 տոկոսի:
Ինչ վերաբերում է ԲՈՒՀ-երի խորհուրդներում քաղաքական անձանց մասնակցությանը, պատգամավորն ասում է`այս օրենքը կարծես ապաքաղաքականացման հարցն էլ է լուծում: Բայց ինքը սուբյեկտիվ վերաբերմունք ունի այս հարցի մասին: Կարծում է, որ հաճախ քաղաքական գործիչը իր հնարավորությունների շրջանակում նպաստ է բերում տվյալ ԲՈՒՀ-ին: Ամեն դեպքում, Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ այս եւ մնացյալ բոլոր հարցերը պետք է դիտարկվեն կրթության որակին բերվող նպաստների տեսանկյունից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ