Aravot.am-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեց, արդյոք «կիսո՞ւմ» է ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի` «Հրապարակին» տված հարցազրույցում հայտնած այն տեսակետը , որ դուք թեեւ հետաքրքիր մարդ եք, բայց հոգնել եք թատրոնում եղած հարաբերություններից, քաշքշուկներից, չգիտեք թատրոնի էությունը, թե ֆունկցիոնալ առումով ինչպիսին պետք է լինի այն:
«Վերջին անգամ Ռուդոլֆ Խառատյանի հետ թատրոնում հանդիպել եմ 2017 թվականի հունիսին: Թատրոնը մեծ կոլեկտիվ է, այստեղ աշխատում են արտիստական խառնվածք ունեցող անհատներ: Աշխարհի բոլոր թատրոններում կան ստեղծագործող անհատականություններին բնորոշ մասնագիտական անհամաձայնություններ, քննարկումներ: Նույնն էլ մեր թատրոնում է, և դա սովորական աշխատանքային գործընթաց է: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, ստեղծագործական եռուզեռ է: Այժմ պատրաստվում ենք բարձր մակարդակով նշել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանը»,-պատասխանեց Կոնստանտին Օրբելյանը:
Հարցազրույցի մանրամասները` փետրվարի 27-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ