Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ակնկալիքներ ունի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից: Նրա խոսքով, Արմեն Սարգսյանի պաշտոնավարման արդյունքում մեր երկիր է ներմուծվում նոր մշակույթ:
«Ամեն դեպքում անձն է ղեկավարում, խարիզման էլ նշանակություն ունի»,- «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսին ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահը:
Ինչ վերաբերում է լրագրողների այն դիտարկմանը, որ ՀՀ 4-րդ նախագահի դերակատարությունը զուտ արարողակարգային է լինելու, եւ վարչապետն ավելի մեծ լիազորություններ է ունենալու, Կարեն Աղամյանը պատասխանեց. «Այո, պառլամենտական երկիր ենք դառնում, բայց ունենալու ենք նախագահ… Դուք կարծում եք նախագահը որեւէ դեր չպե՞տք է ունենա… անկասկած պետք է ունենա, ես չեմ կարծում, որ այս դեպքում Արմեն Սարգսյանի դերը շատ փոքր է: Անշուշտ շատ մեծ է` հաշվի առնելով նրա ունակությունները եւ փորձը: Ես կարծում եմ, որ ամեն մեկն իր տեղում անելիքներ ունի»:
Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտում տեղ գտած խնդիրներին, որոնք մշակույթի մարդիկ կբարձրացնեն, եթե թեկնածուի հետ հանդիպում լինի, Նկարիչների միության նախագահի ձեւակերպմամբ. «Հայաստանում հայ մշակույթը հետնահանջ է ապրում…Մտեք որեւէ խանութ, կլսեք ամերիկյան երաժշտություն, դուրս եկեք փողոց, չեք իմանա` Հայաստանո՞ւմ եք գտնվում, թե՞ Անգլիայում, բոլոր շենքերի ճակատներին գրություններն ու ցուցանակներն անգլերեն են, որեւէ երկրում նման բան չեք տեսնի»:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ