Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Աղվանյանն ինքն է ցանկացել վաճառել «Իգլա»-ն, ընդ որում՝ 25 000 դոլարով». Սամվել Բաբայան

Փետրվար 26,2018 14:10

ՀՀ «Իգլա» զինատեսակ փոխադրելու եւ փողերի լվացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր վերջինս եւս հանդես եկավ հայտարարությամբ: «Տպավորություն է ստեղծվում, որ եթե որեւէ հարցին մեղադրողը դեմ է, պետք է իր միայն կարծիքն ընդունվի»,-մատնացույց անելով այս գործով մեղադրող-դատախազ Արամ Արամյանին՝ ասաց նա:

Ապա մատնանշեց, որ նախաքննական մարմինն իր գրասենյակում ժամանակին գաղտնալսում է կատարել, սակայն կես ժամանոց ձայնագրության միայն երկու րոպեներն են ներառվել գործի նյութերում՝ մեղադրող կողմին ձեռնտու րոպեները:

«Երբ Սանասար Գաբրիելյանն ինձ ցույց է տվել զենքի նկարները, ես ասել եմ, որ պակասող մասեր կան, այդ իսկ պատճառով, որպեսզի խնդիր չունենա, թող տանի-թաղի հողում ու հանձնի ուսադիրով մեկին: Ես ոչ թե կարգադրել եմ, այլ խորհուրդ տվել: Անգամ չեմ հարցրել՝ որտեղի՞ց այն, ինչպե՞ս է ձեռք բերել ու ի՞նչ նպատակով: Պահանջում եմ ամբողջությամբ լսել ձայնագրությունները»,-նշեց Սամվել Բաբայանը:

Ապա ընդգծեց՝ այս գործով մեղադրյալ եւ գլխավոր անձ համարվող Ռոբերտ Աղվանյանը նախորդ նիստում հաստատեց իր ասածը՝ «Իգլա»-ն ՀՀ-ում է եղել՝ Էջմիածնում. «Նա ինքն է ցանկացել վաճառել այն, ընդ որում՝ 25 000 դոլարով, ոչ թե 50 000-ով: Թե մեղադրողը որտեղից է վերցրել այդ հիսուն հազարը, պարզ չէ»:

Բաբայանը դիմեց վերաքննիչ բողոքը լսող երեք դատավորներին. «Օրենք չեմ խախտել, հետեւեք արդար փաստերին, նոր վճիռ կայացրեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728