Փետրվարի 26-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարեւորեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ տարբեր շրջանակների հանդիպումը:
«Հանդիպումները միջոց են հարցերը պարզելու, ներկայացնելու: Այսօր մեկ բան պետք է փաստենք. Հայաստանում իշխանական տարբեր թեւերի, հասարակություն-իշխանություն կտրվածքներով մեզ անհրաժեշտ է իրար հասկանալ, անհրաժեշտ է հասկացողություն եւ համաձայնություն: Մենք պարտադրված ենք տարածաշրջանային ամեն օր փոփոխվող վտանգավոր զարգացումների ընթացքում լինել ներքուստ պինդ, ընկալել մարտահրավերներն ու վտանգները, քանի որ պատերազմական իրավիճակի պետություն ենք եւ չենք կարող մեզ շռայլություններ թույլ տալ»,-ասաց Հայաստանի գրողների միության նախագահը:
Նա գտնում է, որ պետք է ընկալելի լինեն հասարակության տարբեր շերտերի կարծիքները. «Ոչ ոք չի ասում, որ չպետք է քննադատել, իհարկե բազմաթիվ թերություններ կան, պետք է մենք էլ մեր ասպարեզների մասին խոսենք, բայց այդ ամենը պետք է համաձայնության մտավոր դաշտում լուծվի»:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանից ունեցած ակնկալիքներին, Հայաստանի գրողների միության նախագահը հետեւյալ կարծիքի է. «Ես որոշակիորեն իմանալով նրա մտավոր կարողությունները եւ կերպարը, համոզված եմ` տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հասարակության եւ միջազգային կառույցների հետ, դիվանագետական կորպուսի հետ աշխատելու առումով Արմեն Սարգսյանի փորձը օգտակար կլինի Հայաստանի համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Սկսվեց…