Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից ազատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության» աշխատակիցը, որը անմիջական առնչություն է ունեցել պատմական արժեք ունեցող իրերի հափշտակություններին

Փետրվար 26,2018 14:02

Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից պատմական առանձնակի արժեք ներկայացնող իրերի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմանները և միջնորդագիր է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու և պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքներին կարգավիճակ տալու վերաբերյալ։

Բացի այդ, քննչական վարչությունը միջնորդել է քննարկել այն անձի՝ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում հուշարձանի պահապան աշխատելու նպատակահարմարության հարցը, ով քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն անմիջական առնչություն է ունեցել պատմական արժեք ունեցող իրերի հափշտակություններին։ Արդյունքում՝ վերջինս ազատվել է աշխատանքից։

Այսպես՝ Շահումյան հանքավայրի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու և վնասելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի բնակիչը, տեղեկանալով Շահումյան հանքավայրի տարածքում թաղված հնությունների և գանձերի մասին, 2017 թվականի ապրիլին գնացել է նշված վայր և մետաղորսիչ սարքով գտել պատմական մեծ արժեք ունեցող տարբեր առարկաներ՝ պղնձե աղեղներ, բրոնզե ասեղ, ապարանջաններ, կավե հին իրեր և այլն: Հետագա օրերին Կապանի բնակչի մատնանշած վայր գնացել են նաև այլ անձինք՝ նույն նպատակով։

Քննությամբ պարզվել է, որ Շահումյանի անվան հանքավայրի տարածքում 2009թ. կատարված տեղազննությամբ հայտնաբերվել են պատմամշակութային հուշարձանի հետքեր և 2012թ. իրականացվել են պեղումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ հիշյալ տարածքում գոյություն ունի բազմաշերտ հուշարձան, որն ընդգրկում է ք.ա. 1-ին հազարամյակից մինչև միջնադար ժամանակաշրջանը, զբաղեցնում է մոտ 7 առանձին տեղամասեր, արտահայտված է որպես բնակատեղի և դամբարանադաշտ: Տարածքը ժամանակին առանձնացվել է ժապավենով և դրվել միայն «Վտանգավոր է» ցուցանակ, ինչը չի նշանակում, որ այցելուն տեղեկացվել է տարածքում պատմամշակութային արժեքների առկայության մասին։

Ավելին՝ տարածքն ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պետական պահպանության հուշարձանի կարգավիճակ տրված չէ:

Նկատի ունենալով, որ «Կապանի լեռնահարստացման կոմբինատե ՓԲ ընկերության Շահումյանի հանքի տարածքում հայտնաբերված դամբարանադաշտին չի տրվել հուշարձանի կարգավիճակ, իսկ ՀՀ քրեական օրենսդրությամբ պատասխանատվություն է նախատեսվում պետական պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանները վնասելու կամ ոչնչացնելու համար, իսկ դրա պահպանության պարտականությունը «Կապանի լեռնահարստացման կոմբինատե ՓԲ ընկերությանը հանձնված լինելու փաստը հավասարեցված չէ պետական պահպանության կարգավիճակին։

Այսպիսով՝ դամբարանադաշտ-հուշարձանը պետական պահպանության տակ առնելու, կարգավիճակ տալուն ուղղված գործողություններ չկատարելու արդյունքում ներկա քրեական գործով հնարավոր չի եղել առերևույթ հանցանք կատարած անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:

Ավելին՝ Կապանի բնակիչն աշխատանքի է ընդունվել ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում՝ որպես հուշարձանի պահապան:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ մշակույթի նախարարին միջնորդվել է՝գործուն միջոցներ ձեռնարկել պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքները հայտնաբերելուց հետո սեղմ ժամկետներում դրանք հաշվառելու, կարգավիճակ տալու, սահմանանշելու և ցուցանակներով կահավորելու ուղղությամբ: Բացի այդ, առաջարկվել է քննարկել Կապանի բնակչի՝ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում հուշարձանի պահապան աշխատելու նպատակահարմարության հարցը:

Միջնորդագիրը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարությունում, որի արդյունքներով ձեռնարկվել են կոնկրետ քայլեր։ Մասնավորապես՝ նախարարությունն ի պատասխան պաշտոնական գրությամբ Սյունիքի մարզային քննչական վարչությանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի սահմաններում հայտնաբերված օբյեկտին պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակ տալու համար կատարվում են ուսումնասիրություններ, և պաշտոնական գրությամբ դիմել են հանքավայրի ներկայիս սեփականատեր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին՝ «աշխատանքները ողջ ծավալով շարունակելու և նախկինում պեղումներ իրականացրած հատվածներում ավարտին հասցնելու, պեղված տարածքները ամրակայելու և նորահայտ օբյեկտը պահպանության տակ վերցնելու» առաջարկությամբ»։

Միաժամանակ նշվել է, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով Կապանի բնակիչն ազատվել է աշխատանքից, ում աշխատանքի նպատակահարմարության հարցը քննչական վարչությունը բարձրացրել էր միջնորդագրում:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728