«Առաջին անգամ այն գաղափարը, որ տարբերություն չկար, թե ով որտեղ էր ապրում, որ բոլորն ունեին մեկ հայրենիք, ի չիք դարձավ ադրբեջանական շարժման արդյունքում». ասաց «Հենարան » մամուլի ակումբում հյուրընկալված ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը։
Նրա կարծիքով՝ սումգայիթյան ողբերգությունն այսօր ամբողջապես բացահայտված չէ, սակայն, խորապես ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ առանց ադրբեջանական իշխանության գործուն մասնակցության, հնարավոր չէր նման շարժում։
«Ադրբեջանցիներին բնորոշ է զոհին ներկայացնել մեղավորի կարգավիճակում». անդրադառնալով ադրբեջանական ամենատարածված տեսակետին՝ ասաց Ա. Մովսիսյանը։ Ադրբեջանցիների համար հայ ազգայնականներն են հրահրել այդ շարժումը, որպեսզի աշխարհին ցույց տան, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցությունն անհնար է , սակայն դա որևէ ապացույց չունի։
«Նրանք միշտ էլ փորձել են ամբողջ բեռը դնել հայկական կողմի վրա, սակայն այդ ողբերգությունը, որը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առջև՝ մինչ այսօր իր իրական գնահատականը չի ստացել»:
Լրագրողի հարցին, թե պատմությունից ի՞նչ դասեր պետք է քաղենք, ադրբեջանագետն ասաց. «Եթե ունենանք գործուն իշխանություն, նման դեպքերի էլ չենք առնչվի։ Սումգայիթը ցույց տվեց, որ կան ադրբեջանական ազգայնականներ, որոնց համար հայերն անընդունելի են. հայը երբեք չի կարող լինել նրանց բարեկամը կամ ընկերը»։
Նրա կարծիքով այդ տրավման հայ ազգը երբեք չի մոռանա, քանզի դա նաև բախտի տրավմա է առաջացրել։
Ռիմա ՍԱՐԳՍՅԱՆ