ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է քննվել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի բողոքը, որով նա պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ այդ որոշմամբ՝ նա ազատազրկվել է 6 տարով՝ ՀՀ «Իգլա» տեսակի զենք տեղափոխելու եւ փողերի լվացման համար:
Դատական վիճաբանությունների փուլում նրա շահերի պաշտպան, փաստաբան Արտաշես Քալաշյանն անդրադարձավ մեղադրանքի կողմի մի շարք պնդումներին: Նախ վստահեցրեց՝ գործում առկա ապացույցները փաստում են միայն այն, որ Բաբայանի մարտական ընկերը՝ այս գործով եւս մեղավոր ճանաչված Սանասար Գաբրիելյանը միջոցներ է ձեռնարկել՝ բանակին զենք նվիրելու համար: «Խնդիրը կայանում է նրանում, թե այս գործընթացին որքանո՞վ է մասնակցել Սամվել Բաբայանը եւ արդյոք նրա գործողություններում կա՞ հանցակազմ»,-հարցադրում արեց պաշտպանը ու համոզմունք հայտնեց, որ նրան մեղսագրվող արարքները չեն հիմնավորվել:
Փաստաբանը նկատեց՝ ըստ դատավճռի՝ հաստատվել է, որ Սամվել Բաբայանն իբրեւ նյութապես շահագրգռվելու խոստում է տվել Սանասար Գաբրիելյանին եւ նախնական համաձայնություն ձեռք բերել նրա հետ՝ «Իգլա»-ն հայթայթելու եւ ձեռք բերելու համար. «Մինչդեռ քրեական գործում ոչ մի ապացույց չկա, թե Սամվել Բաբայանը ե՞րբ, ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հանգամանքներում է դրդել Գաբրիելյանին՝ ապօրինի կերպով այդ զենքը ձեռք բերելու համար: Չկա ոչ մի փաստական տվյալ, որ Սամվել Բաբայանը նյութապես շահագրգռել է Սանասար Գաբրիելյանին»:
Արտաշես Քալաշյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանի դատավճռում անգամ հակասություններ կան. «Դատավճռում մի քանի տեղում հաստատված է համարվում, որ Գաբրիելյանը հրաժարվել է ռազմամթերքը ձեռք բերելուց: Մի կողմից ասվում է, թե Բաբայանը նյութապես շահագրգռել է, մյուս կողմից էլ՝ թե Սանասար Գաբրիելյանը վերջնականապես կողմնորոշված չի եղել այն ընդունելու հարցում»:
Քալաշյանի բնորոշմամբ՝ գործի ապացույցներում ոչ մի տվյալ չկա, թե Սանասար Գաբրիելյանի նյութական շահագրգռվածությունն ինչ կերպ է արտահայտվել. «Ավելին, փաստերը խոսում են այն մասին, որ Հրաչյա Մայիլյանն իր գործողությունները չի համաձայնեցրել Սանասար Գաբրիելյանի հետ: Նա Ռոբերտ Աղվանյանին համոզել է 4000 դոլարի դիմաց իրեն տալ ռազմամթերքը՝ միայն նրա համար, որ լուսանկարի ու տանի ցույց տա Գաբրիելյանին: Դրանից հետո միայն որոշվելու էր՝ Գաբրիելյանը գնելո՞ւ է այն, թե՞ ոչ: Նա առանց Գաբրիելյանի տեղեկանալու է այդ գումարը պահանջել: Սա չի նշանակում, թե Սանասար Գաբրիելյանը ձեռք է բերել այդ զինամթերքը»:
Պաշտպանն ընդգծեց՝ Գաբրիելյանը չի էլ իմացել, որ զենքը գտնվել է Մայիլյանի մոտ. «Վերջինս նրան միայն զենքի լուսանկարներն է ցույց տվել»:
Հիշեցնենք, որ Սանասար Գաբրիելյանը Հրաչյա Մայիլյանին ԱԱԾ գործակալ է համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ